Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսելում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը:
Իր ելույթում նա ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարևորել այսպիսի միջոցառումների անցկացումը: Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների.
«Աշխարհում տեղի են ունենում բավականին դինամիկ և լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ: Ընդ որում, այդ փոփոխությունների մի կարևոր հոսանքն ընթանում է մեր և հարակից շրջաններում: Դա պահանջում է ավելի մեծ զգոնություն, փոխգործակցության համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարվող աշխատանքների, մարտավարության և ռազմավարության մեջ հստակեցումների ու փոփոխությունների իրականացում», - իր ելույթում ընդգծել է նա:
Վերջինս շեշտել է, որ մեր բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում ընկած են ժողովրդի միասնականությունը, անկոտրում հավատքը, հավաքական կամքը, լավատեսությունն ու քրտնաջան աշխատանքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորն այս ուղղությամբ, հետևողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, զարգացնել ու խորացնել մշտական գործնական կապերը Արցախի և նրա բարեկամների միջև: