Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արտաքին գոծեր նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ արքեպիսկոպոս Գալագերի այցը երկու կողմերի փոխադարձ պատրաստակամության վկայությունն է՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելու համընդհանուր արժեհամակարգի և պատմության խորքից եկող կապերի վրա հիմնված հարաբերությունները:
ԱԳ նախարար Մնացականյանը և Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Գալագերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ` դրանցում մեծապես կարևորելով մշակութային, հումանիտար ոլորտներում սերտ ավանդական համագործակցությունը: Այդ առնչությամբ ընդգծվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ հայ միջնադարյան հոգևորական, Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհումը, ապա 2018 թվականին Վատիկանում Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը։
Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կառավարության կողմից կյանքի կոչվող զարգացման օրակարգի առնչությամբ նախարար Մնացականյանն առանձնացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողությունները և ձեռքբերումները՝ հիմնված դեռևս խորհրդային ժամանակհատվածում առկա փորձի վրա: Կարևորվել է մարզային համաչափ զարգացման ծրագրերի նախաձեռնումը և իրականացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արծարծել են միջազագային և տարածաշրջանային հրատապության թեմաների լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձել են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին՝ կարևորելով այդ գործում միջազգային հանրության ջանքերի համախմբման և իրազեկվածության բարձրացումը։
Նախարար Մնացականյանը և Պոլ Ռիչարդ Գալագերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ: