Գալիք տարի Արցախում կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կգործի երկրորդ օպերատոր: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Մայիլյանը չի հայտնել, թե ո՞ր ընկերությունն է պատրաստվում մրցակցության մեջ մտնել 2002 թվականից Արցախում գործող և մենաշնորհային դիրքեր զբաղեցնող «Ղարաբաղ Տելեկոմի» հետ, սակայն ընդգծում է․ «Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը»։
«Արտաքին տնտեսական հարաբերությունները և օտարերկրյա պետրություններից ներդրումների ներգրավումը մեր տնտեսության մեջ նաև Արցախի արտգործնախարարության գործառույթներից է և այս վերջին ամիսների ընթացքում որոշ քննարկումներ, հանդիպումներ և խորհրդատվություններ ենք անցկացրել և այդ ամենի արդյունքում հիմա ստեղծվել են պայմաններ, որ երկրորդ օպերատորը մուտք գործի Արցախի հեռահաղորդակցության շուկա և մենք դրանից կշահենք, մեր ժողովուրդը կունենա որակյալ և ցածր գներով շարժական կապ, հնարավորություն կա ժամանակակից 4G LT ձևաչափով որակյալ և մատչելի գներով շարժական համացանցի հասանելիություն ապահովել ու նաև պարզ է՝ նոր աշխատատեղեր կլինեն երիտասարդների համար: Քիչ ավելի կարևոր չի, որ սահմանամերձ գոտում մենք կունենանք պաշտպանված կապ և նաև ի վերջո Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև ռոմինգի փաստացի վերացում», - ասաց Մասիս Մայիլյանը:
Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քանի դեռ չկա երկրորդ օպերատորի հետ կապված պաշտոնական տեղեկություն, զերծ կմնան որևէ մեկնաբանությունից:
Մեկնաբանությունից զերծ մնաց նաև «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:
Արցախում գործող ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով, «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհին վերջ տալը կարևոր նշանակություն կունենա Արցախի տնտեսական զարգացման համար՝ բերելով կապի ոլորտում ծառայությունների որակի բարելավմանը և գների իջեցմանը:
«Մենաշնորհային դիրքը տարիներ շարունակ բերել է նրան, որ ունեցել ենք բավականին բարձր գներ և ցածր որակի կապ, կապը շատ հաճախ չի ընդգրկել Արցախի ամբողջ տարածքը, հատկապես շարժական ինտերնետ կապի վերաբերյալ է խոսքը: Ինչ վերաբերում է երկրորդ օպերատորին, ապա առնվազն հայաստանյան հեղափոխությունից հետո կային ընկերություններ կամ առնվազն կար ընկերություն, որը ցանկանում էր լուրջ ներդրումներ անել և բարձր որակի և էժան կապ բերել, սակայն խոչընդոտ էին հանդիսանում: Ես կարծում եմ՝ դրա հիմնական խոչընդոտ հանդիսացողները երկուսն են՝ Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը նախկին վարչապետ, կարծում եմ, հենց էս երկուսն էլ ժամանակին սպասարկել են մոնոպոլիստ ընկերության՝ «Ղարաբաղ Տելեկոմի» ապօրինի շահերը», - ասաց «Վերածնունդ» խմբակցության ղեկավար:
Խանումյանը շարունակեց՝ նոր օպերատորի մուտքը Արցախ, դրական նշանակություն կունենա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար, ինչը այսօր խնդիր է Արցախում՝ թանկ ու անորակ ինտերնետի պատճառով:
«Վստահաբար դա կբերի մրցակցության, վստահաբար կբերի նոր ենթակառուցվածքների ստեղծման և բնականաբար, լավ կապի առկայությունը հնարավորություն կտա՝ նաև տնտեսության այլ ճյուղեր էլ զարգանան, ենթադրենք, ինֆորմացիոն տեխնոլգիաներինը, որը վերջին շրջանում Հայաստանի որոշ կազմակերպություններ նաև մասնաճյուղեր ունեն Արցախում և նրանց համար էլ ինտերնետի որակը մնում է լրջագույն խնդիր: Հիշեցնեմ, որ «Ղարաբաղ Տելեկոմը ոչ միայն բջջային կապի միակ օպերատորն է, այլ նաև ինտերնետի միակ օպերատորն է Արցախում», - նշեց Խանումյանը: