Մատչելիության հղումներ

Նիկոսիան ուժը կորցրած է ճանաչել 26 արտասահմանցիների կիպրական քաղաքացիությունը


Կիպրոս - Ռուսական պարենային խանութ Լիմասոլում, արխիվ
Կիպրոս - Ռուսական պարենային խանութ Լիմասոլում, արխիվ

Կիպրոսի կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել 26 անձանց քաղաքացիությունը, որն ավելի վաղ արտասահմանցիները ստացել էին «Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում: Այս մասին երեկ հայտնել է Կիպրոսի ներքին գործերի նախարար Կոնստանտինոս Պետիդիսը:

Որոշման համաձայն՝ Ռուսաստանի ինը քաղաքացի, մեկ մալայզիացի, երկու քենիացի, հինգ չինացի, մեկ իրանցի և ութ կամբոջացի կորցրել են իրենց «ոսկե անձնագրերը»: Այդ անձանց անունները չեն հրապարակվում:

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Կիպրոսի իշխանությունները կշարունակեն ստուգել բոլոր այն «ոսկե անձնագրերը», որ տրվել են նախքան քաղաքացիություն ձեռք բերելու կանոնների խստացումը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 4-ին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել էր, թե հայտնի է առնվազն 10-15 նման դեպքերի մասին, երբ քաղաքացիությունը տրվել է այս կամ այն արտասահմանցուն սխալմամբ: «Մենք խոսում ենք այն անձանց մասին, որոնք կասկածվում են փողերի լվացման մեջ կամ կապված են ավտորիտար կառավարությունների հետ», - ասել էր Անաստասիադեսը:

Հոկտեմբերի սկզբին Կիպրոսի խորհրդարան է ներկայացվել մի նախագիծ, որով նախատեսվում է հրապարակել «ոսկե անձնագրեր» գնել ցանկացողների անունները:

Կիպրոսի անձնագիրը պոպուլյար է մեծահարուստ ռուսաստանցիների շրջանում նաև: Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականին Կիպրոսի անձնագիր էին ստացել 5 հազար 500 օտարերկրացիներ, որոնցից 1,3 հազարը՝ ռուսաստանցիներ:

«Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի կանոններն այս տարվանից փոխվել են: Այսպես, 2019 թվականից անձնագիր ստանալու համար Կիպրոսի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2 միլիոն եվրոյից հասել է մինչև 2,5 միլիոն եվրո: Բացի այդ, քաղաքացիություն չի տրվի նրանց, ում նախկինում հրաժարվել է քաղաքացիություն տալ Եվրամիության ցանկացած այլ երկիր:

«Կոմերսանտ»-ը երեկ հիշել է, որ 2018-ին Կիպրոսի քաղաքացիություն էր ստացել նաև ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկան, սակայն «ոսկե անձնագրերից» զրկված անձանց անունները Կիպրոսի իշխանությունները չեն հրապարակում, և ըստ այդմ հայտնի չէ՝ արդյոք Դերիպասկան նո՞ւյնպես կորցրել է Կիպրոսի քաղաքացիությունը, թե՞ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG