Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ:

«Սա շատ լավ առիթ է, որպեսզի արձանագրենք, ամփոփենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հետ հարաբերություններում կոնկրետ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Ուզում եմ անդրադառնալ ֆինանսատնտեսական հատվածին: Առաջին ամենակարևոր հարցը թերևս հետևյալն է. խոսքը միջպետական վարկի վերակառուցման մասին է: Մենք համապատասխան պայմանավորվածությունը ձեռք ենք բերել դեռևս այն ժամանակ, երբ պարոն Հարությունյանն Արցախի պետնախարար էր: Սա շատ կարևոր որոշում է, որը դե ֆակտո իրականացվում է: Այսինքն՝ քաղաքական որոշմամբ մենք արձանագրել ենք, որ այդ գումարը մենք ավելի լավ է վերակառուցենք: Մեր կառավարությունն Արցախի կառավարության հետ քաղաքական որոշում է կայացրել, որ ավելի լավ է այդ գումարը շարունակվի շրջանառվել Արցախի Հանրապետությունում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի կառավարության մեկ այլ որոշում, որով 2,1 մլրդ դրամ է տրամադրվելու առաջնագծի և ընդհարապես զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: «Հաջորդը. Արցախի զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու համար 2,9 մլրդ դրամ հատկացնելու որոշման նախագիծն այս պահին գտնվում է շրջանառության մեջ», - ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ որոշում է կայացվել նաև Արցախի համար ձեռք բերել շտապօգնության 10 մեքենա:

Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և անդրադարձել «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջիկա անելիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG