Մատչելիության հղումներ

Բրիտանական Jamiroquai խումբը Հայաստանում է՝ մասնակցելու Silk Note երաժշտական փառատոնին


Jamiroquai խմբի մենակատար Ջեյ Քեյը Երևանում, 6-ը նոյեմբերի, 2019թ.

Բրիտանական Jamiroquai ջազ-ֆանկ խմբի երաժիշտներն արդեն 2 օր է, ինչ Հայաստանում են։ Խումբը հասցրել է այցելել Գառնի, որտեղ նույնիսկ քոչարի է պարել։

Լեգենդար խմբի մենակատար Ջեյ Քեյն առաջին անգամ է Հայաստանում։ «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ առայժմ ամեն ինչ հավանել են, ուտելիքը շատ համեղ է, շրջել են քաղաքում։

Silk Note երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող երևանյան համերգից առաջ Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը հայտարարեց՝ փառատոնը միտված է Հայաստանում տուրիզմի զարգացմանը.

«Այս փառատոնի ընթացքում լինելու են միայն ամենաճանաչված արտիստները, մարդիկ, ում բրենդը օգտագործելով՝ փորձելու ենք Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում պահել և ներգրավել հնարավորինս շատ զբոսաշրջիկներ», - ասաց նա։

Վերջինս հայտնեց՝ Silk Note-ը «Իմ քայլը» հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությունն է, և սա նման համերգներ կազմակերպելու իրենց առաջին քայլն է։ Jamiroquai խմբի համերգը լուսաբանելու համար Հայաստան են ժամանել նաև միջազգային մամուլի ներկայացուցիչներ։ Կազմակերպիչները նշում են՝ համերգից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը։

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ կազմակերպիչները նշեցին, որ փառատոնի բյուջեն կհրապարակեն միջոցառման ավարտից հետո, հայտնեցին միայն, որ այն կազմակերպվել է միջազգային գործընկերների աջակցությամբ։

Silk Note-ի շրջանակներում սպասվում է ևս մի քանի, այդ թվում նաև հանրահայտ Parov Stelar խմբի համերգը:

Փառատոնի իրականացմանը նպաստել է նաև Berin Iglesias Art միջազգային հոլդինգը, որը մոտ երկու տասնյակ երկրներում փառատոններ է կազմակերպում՝ դրանց հրավիրելով համաշխարհային աստղերին։ Երևանում է Berin Iglesias Art հոլդինգի գործընկեր Խորխե Իգլեսիասը։ Վերջինս, խոսելով փառատոնի նպատակների մասին, ասաց.

«Մեր հիմնական նպատակն է Հայաստանի միջոցով փորձել կամուրջ կառուցել Եվրոպայի և Ասիայի միջև՝ ներկայացնելով ձեր հրաշալի մարդկանց, հիանալի խոհանոցը և ձեր գեղեցիկ եղանակը, այդ կերպ կապելով նրանց միմյանց հետ։ Կարծում ենք նաև, որ տեղի մշակույթը և տնտեսությունը այդպիսով կզարգանան, երբ այդ համերգներին ու միջոցառումներին նաև արտերկրից հյուրեր գան»:

Խորխե Իգլեսիասը չբացառեց, որ հաջորդ տարի Հայաստանում հանդես կգա իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG