Մատչելիության հղումներ

Պետք է հստակ մատնանշել, թե Հայաստանում ինչո՞ւ և որքանո՞վ է պետք գիտության ֆինանսավորումը ավելացնել․ պատգամավոր


«Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում ԱԺ-ում, 6-ը նոյեմբերի, 2019թ․
«Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում ԱԺ-ում, 6-ը նոյեմբերի, 2019թ․

Պետք է հստակ մատնանշել, թե Հայաստանում ինչո՞ւ և որքանո՞վ է պետք գիտության ֆինանսավորումը ավելացնել: Նման առաջարկով այսօր ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցներին դիմեց խորհրդարանի Գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Պատգամավորը ևս կարծում է, որ Հայաստանում գիտության ոլորտի թռիչքային զարգացման համար ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն կա:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, մատնանշելով միջազգային փորձը, առաջարկեց, որ Հայաստանում մասնավոր սեկտորը ևս մասնակցի գիտության ոլորտի ֆինանսավորմանը: Մարտիրոսյանի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում գիտության ֆինանսավորումը հավասար է բյուջեի ծախսային մասի մոտ 1,2 տոկոսին, և այդ թիվը չի փոխվել արդեն գրեթե 30 տարի: Ավելին, նկատում է՝ հատկացված միջոցների 75 տոկոսը ծախսվում է աշխատավարձերի վրա, առաջարկեց, որ բյուջեում շենքերի պահպանման նպատակով հատուկ միջոցներ հատկացվեն:

«Գիտությունների ակադեմիայի համակարգի միջին աշխատավարձն է, միջին աշխատավարձը 128 հազար դրամն է, իսկ երեքը արդեն հանրապետության միջին աշխատավարձերն են տարբեր չափերի: Տեսնում եք, որ մերը էապես, շոշափելի ձևով զիջում է», - ասաց Մարտիրոսյանը:

ԿԳՆ պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ 2015 թվականից հետո գիտության բյուջեն գրեթե չի աճել, ավելի 2017 թվականին նույնիսկ նվազել է:

«Գիտական հիմնարկների թվաքանակը, ինչը մենք ունեինք խորհրդային ժամանակներում, թվաքանակը գրեթե չի փոխվել, մնացել է նույն թվաքանակը, բայց ունենք սարսափելի փոքր բյուջե, հնամաշ գիտական սարքավորումներ», - ասաց Հարությունյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը բացի գիտության ֆինանսավորման պակասից, շեշտեց նաև ֆիանսավորման բաշխման և վարչարարության խնդիրը։ Կետրոնանալով վերջինների վրա՝ Իոաննիսյանը հայտարարեց՝ գիտության կոմիտեն դասագրքային իմաստով կոռումպացված է։

«Ընդ որում՝ շատ ծրագրերում ներգրավված են նաև մարդիկ, ովքեր ուղղակի փոխկապակցված են կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ և նույնիսկ կան ծրագրեր, որոնք ուղղակի ամեն տարի հայտ են ներկայացնում միևնույն բանը հետազոտելու համար, ակամայից հարց է առաջանում, թե չպրծան արդյոք հետազոտելը: Ասեմ ավելին, շատ փորձագետներ գիտեն, որ կարող է այլևս փորձաքննության համար կամ թեմատիկ ֆինանսավորման փող չստանան կոմիտեից, եթե Սամվել Հարությունյանի ցանկությանը հակառակ եզրակացություններ տա: Գիտական գործուղումների մասին ասեմ, որ թերևս երևի ամենաշատ գիտական գործուղումների մեկնած գիտնականը կոմիտեի նախագահն է՝ պարոն Հարությունյանն է», - ասաց Իոաննիսյանը:

Սամվել Հարությունյանը Իոաննիսյանի մեղադրանքներին չարձագանքց: Փոխարենը խոսեց քննարկումը վարող պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Պետք է համակարգային հարցեր քննարկենք այսօր և անձերի վրա հնարավորինս չկենտրոնանանք, այլ համակարգի վրա կենտրոնանանք», - արձագանքեց Հովհաննիսյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ պետության ռազմավարությունից պետք է բխի գիտության զարգացումը, ասում է՝ չի կարող ինքնըստինքյան գիտություն լինել, եթե այն ոչ մեկին պետք չէ:

«Հավի, ձվի պատմությունն է՝ հիմա առաջինը հավն է եղել, թե ձուն, գիտնականն ասում է՝ «փող տուր գիտություն անեմ», պետությունն ասում է՝ «գիտություն արա փող տամ» կամ ասում են՝ «գիտնականներն ի՞նչ պրոդուկտ են տալիս», բայց ի՞նչ պրոդուկտ եք ուզել, որ չեն տվել, պետությունը ծրագրային կոնկրետ պատվերներ իջեցրե՞լ է գիտությանը», - նշեց Բագրատյանը:

Ամփոփելով քննարկումը՝ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը խոստացավ, որ նման քննարկումները շարունակական կլինեն՝ խնդիրները ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG