Մատչելիության հղումներ

Հունվարին Երևանում կկայանա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի վարչապետերի գագաթնաժողովը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին, 5-ը նոյեմբերի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին, 5-ը նոյեմբերի, 2019թ․

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: Բարձրաստիճան հյուրին ընդունելով կառավարության շենքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ գալիք տարվա հունվարին Երևանում կկայանա երեք երկրների՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի վարչապետերի գագաթնաժողովը:

«Մեր երկրների միջպետական և միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս բարենպաստ ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել և նաև այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել և արդյունքները ավելացնել: Ես հաճույքով եմ հիշում նաև իմ հանդիպումը մեկ ամիս առաջ, մի քիչ ավել՝ սեպտեմբերին Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակլիսի հետ և մենք նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները և պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին: Հունվարին մենք սպասում ենք եռակողմ ձևաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս: Դա շատ կարևոր իրադարձություն է, որը էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները», - նշեց վարչապետը:

Պավլոպուլոսին Փաշինյանը հավաստիացրեց՝ Հայաստանում Հունաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա:

«Ողջունում ենք Հայաստանի ու հայ ժողովրդի կողմից գործադրած ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: Սա շատ կարևոր է, և մենք մեր աջակցությունն ենք ցուցաբերում այս գործում: Մյուս կողմից, ուրախ ենք, որ Հայաստանը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանության փաստը: Ուրախ ենք նաև, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը վերջերս ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: Այն շատ կարևոր է», - ասաց Հունաստանի նախագահը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ, 5-ը նոյեմբերի, 2019թ․
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ, 5-ը նոյեմբերի, 2019թ․

Երկու երկրների հարաբերությունների առանձնահատուկ բնույթի, պատմական ընդհանրությունների մասին նույնպես խոսք գնաց Հայաստանի նախագահի նստավայրում, ուր նախագահ Արմեն Սարգսյանը կեսօրից հետո հյուրընկալել էր հունաստանցի իր գործընկերոջը:

«Նախևառաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերոջը՝ հաստատելու համար, որ մոտ ապագայում, ապագա 1-2 ամսվա ընթացքում հունական կողմը կարագացնի ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը և այն կվավերացվի մոտակա 1-2 ամսվա ընթացքում: Քննարկեցինք նաև մի շարք խնդիրներ կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ: Մասնավորապես՝ եթե կարճ ձևակերպեմ՝ իմ բարեկամը առաջարկեց, որպեսզի Հունաստանը դառնա առաջին գործընկերը Եվրամիությունում Հայաստանի համար, իհարկե, նշելով, որ Հայաստանն ունի ուրիշ բարեկամներ՝ սկսած Ֆրանսիան, Գերմանիան և ուրիշները», - նշեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է 63,7 միլիոն դոլար, որից հայաստանյան արտահանումը Հունաստան չնչին թիվ է՝ 271,5 հազար դոլար: 2017-ի համեմատ՝ անցած տարի Հայաստանի ու Հունաստանի երկկողմ առևտուրը աճել է 33,1 տոկոսով:

XS
SM
MD
LG