Մատչելիության հղումներ

40 տարի առաջ Իրանում գրավել են ամերիկյան դեսպանատունը


Իրանցի ուսանողները ներխուժել են ԱՄՆ դեսպանատան տարածք և պատռել ԱՄՆ դրոշը, Թեհրան, 4 նոյեմբերի, 1979թ.
Իրանցի ուսանողները ներխուժել են ԱՄՆ դեսպանատան տարածք և պատռել ԱՄՆ դրոշը, Թեհրան, 4 նոյեմբերի, 1979թ.

Ճիշտ 40 տարի առաջ՝ 1979 թվականի նոյեմբերի 4-ին, հազարավոր իրանցիներ, հիմնականում ուսանողներ, գրավել էին Թեհրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության համալիրը:

Դեսպան Վիլյամ Սալիվանն ասել է, որ երկու-երեք զինյալներ հուժկու կրակ են բացել դեսպանատան վրա:

«Ահա մի խումբ լավ զինված տղամարդիկ ներխուժեցին, գրավեցին իմ տունը, դեսպանությունը, հյուպատոսական գրասենյակը», - ասել է դեսպանը:

Ամերիկացի դիվանագետները զանգահարել են իրանական հեղափոխության առաջնորդ այաթոլա Ռուհոլլահ Խոմենեիի անվտանգության կոմիտե և օգնություն են խնդրել:

Հեղափոխականները զինված խումբ են ուղարկել, այն շրջապատել է դիվանագետներին և նրանց փրկել է կատաղած ամբոխից:

Այդ պահին դեսպանը դեռ չգիտեր, որ ինքը և 9 տասնյակ աշխատակիցներ պատանդ են դարձել:

Դեսպանին և 4 տասնյակ այլ ծառայողների արտաքսել են, մինչդեռ ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ 444 օր մնացել են պատանդի կարգավիճակում:

Հասկանալու համար, թե ինչ էին ուզում երիտասարդ իրանցիները՝ հարկ է հիշել պատանդառմանը նախորդող իրադարձությունները:

1977-78 թվականներին Իրանում զանգվածային բողոքներ էին: Երկրում ծանրագույն քաղաքական-տնտեսական և սոցիալական ճգնաժամ էր:

Հարյուր հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել Իրանի շահի՝ Մոհամադ Ռեզա Փահլավիի հրաժարականի պահանջով:

1979-ին շահը, ով արդեն ծանր հիվանդ էր, փախուստի էր դիմել նախ Մարոկկո, այնտեղից տեղափոխվել էր Մեքսիկա և, ի վերջո, ապաստանել Ամերիկայում:

Նա իշխանությունը փոխանցել էր ընդդիմադիր վարչապետ Շափուր Բահթիարին (հեղափոխությունից հետո Խոմեյնիի հատուկ ծառայությունը սպանել է Փարիզում ապաստանած Բահթիարին):

Իրանցիները հայրենիք են հրավիրել Ֆրանսիայում վտարանդի առաջնորդի կարգավիճակում գտնվող այաթոլա Խոմեյնիին:

Բառիս բուն իմաստով միլիոնավոր մարդիկ նրան դիմավորել են իբրև ազգային փրկչի:

1979-ի ապրիլի 1-ին տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքում Իրանում ավարտվել է շահերի ռեժիմն ու ստեղծվել է այաթոլաների ղեկավարած Իսլամական կրոնապետություն, որի գերագույն հոգևոր առաջնորդն է դարձել Խոմեյնեին:

Նոր իշխանության թիվ մեկ կարգախոսն էր՝ «Մա՛հ Ամերիկային»: Այաթոլաները Միացյալ Նահանգներից պահանջել են արտահանձնել շահին: Նախագահ Ջիմի Քարթերը, բնականաբար, մերժել է պահանջը, ամիսներ անց էլ ջահելները գրավել են դեսպանատունը:

Սկսվել է բարդ միջազգային բանակցային գործընթաց․ Թեհրանը պնդել է, որ պատանդներին ազատ կարձակի միայն շահին արտահանձնելու դիմաց:

Ամերիկացիները փորձել են նույնիսկ ռազմական գրոհով ազատել մարդկանց, սակայն գործողությունը ձախողվել է, 8 ամերիկացի զինվոր է զոհվել, Վաշինտոնը չափազանց տհաճ վիճակում է հայտնվել:

Շահը Միացյալ Նահանգներից տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ 1980 թվականի ամռանը մահացել է քաղցկեղից:

1980-ի հունվարին մի խումբ պատանդներ կարողացել են դուրս փախչել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Կանադայի հատուկ ծառայությունների համատեղ գործողության շնորհիվ:

Սեպտեմբերին Իրաքը ներխուժել է Իրան, սկսվել է իրանա-իրաքյան արյունալի երկարատև պատերազմը:

Թեհրանը նոր հանգամանքներում ստիպված է եղել Ալժիրի միջնորդությամբ բանակցել Վաշինգտոնի հետ:

Պատանդառումը, պատանդներին փրկելու գործողության ամոթալի տապալումը ծանր հարված են հասցրել դեմոկրատ նախագահ Քարթերին, և նա պարտվել է ընտրություններում:

Պատանդներին ազատել են 1981 թվականի հունվարի 20-ին՝ նորընտիր հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալութունից րոպեներ անց:

Ամերիկայի և Իրանի դիվանագիտական հարաբերությունները 1979-ից ի վեր ընդհատվել են: Կողմերի քաղաքական, դիվանագիտական և հյուպատոսական շփումներն իրականացվել են Պակիստանի և Շվեյցարիայի միջնորդության ձևաչափով․ Պակիստանը ներկայացրել է Իրանի շահերը, իսկ Շվեյցարիան՝ Ամերիկայի:

40 տարիների ընթացքում եղել է մի պատմական պահ, որը կարող էր էապես նպաստել Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը․ խոսքը Իրանի և վեց գերտերությունների միջև միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնության մասին է:

Սակայն Միացյալ Նահանգները 2018-ի մայիսին նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ դուրս է եկել պայմանագրից, վերականգնել է և է՛լ ավելի է խստացրել պատժամիջոցները:

Այսօր Իրանում նշում են ամերիկյան դեսպանատան գրավման տարեդարձը: Կարգախոսը նույնն է՝ «Մա՛հ Ամերիկային»:

Այսօր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է, որ Թեհրանը չի բանակցի Ամերիկայի հետ:

«Հրաժարումը բանակցություններից զգացական որոշում չէ, դրա հիմքում հստակ տրամաբանություն է: Հրաժարումը թույլ է տալիս կանխել թշնամու ազդեցությունը, հրաժարումը վկայում է Իրանի հզորության և արժանապատվության մասին», - ասել է այաթոլան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG