Մատչելիության հղումներ

Փաստաբանը պնդում է, թե շարքային Գալոյանը ինքնասպան չի եղել


Վոլոդյա Գալոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյան
Վոլոդյա Գալոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյան

Հուլիսին մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի իրավահաջորդի ներկայացուցիչը դատաբժշկական եզրակացությունը ստանալուց հետո պնդում է, թե կան հստակ, անհերքելի ապացույցներ, որ զինվորը ինքնասպան չի եղել։

19-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ մեղադրանք էր առաջադրվել դիրքի ավագին՝ «զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ենթակային ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու համար:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում Վոլոդյա Գալոյանն «ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով»:

«Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Գալոյանն իրեն ամրակցված ինքնաձիգով թողել էր դիրքի տարածքը, որից հետո՝ մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել էր զինվորի դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը», - հայտնել էին քննչական կոմիտեից:

Զինվորի մահվան փաստով քրեական գործը հարուցվել էր սպանության փորձի և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանն ընդգծում է. - «Վոլոդյա Գալոյանի գլխի վերքային խողովակները մի քանիսն են: Այսինքն՝ չէր կարող անձը հրազենային վնասվածք իր գլխի շրջանում մի քանի անգամ պատճառել, որի հետևանքով մահ առաջացներ։ Եվ շատ կարևոր է, որ 2-3 օրվա վաղեմության վնասվածներ ուներ ինքը: Դա խոսում է այն մասին, որ գտնվելով դիրքում նա խնդիրներ է ունեցել։ Հասցրել է մահվանից առաջ հեռախոսային զրույց ունենալ, որի ընթացքում տեղեկացրել է, որ խնդիր ունի դիրքի ավագի հետ։ Եվ օգնություն է կանչել։ Այսինքն, եթե անձը օգնություն է կանչել՝ նշելով որ խնդիրներ ունի, միանշանակ չեր կարող ինքնասպանություն գործել, նա կարող էր սպանվել»։

19-ամյա Գալոյանի մայրը՝ Էլմիրա Սվարյանը շարունակում է պնդել, որ որդուն սպանել են․ - «Եթե ինքը էդքան համեստ չլիներ, էսօր ողջ կլիներ: Եթե ինքը զանգեր երեք օր առաջ, մենք հաստատ թույլ չէինք տա, որ ինքը մնար էդ միջավայրի մեջ ու էսօր մահացած լիներ»։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը. - «Մենք շարունակելու ենք մինչև վերջ պայքարել և ապացուցել, ինչպես մնացած գործերում, որոնք կարծես կասեցված լինեն, որևէ արձագանք չկա: Մենք ունենք մի քանի գործեր, որոնք վիճարկում ենք, և դրանք այսպես կանգ են առնում և չգիտեն ինչ պատասխան տան։ Քննչական կոմիտեի նկատմամբ վստահություն գոյություն չունի, դեռ չի եղել որ նորմալ զինվորական որևէ գործ քննելու [դեպք]»:

Այս գործով նշանակված են մի քանի այլ փորձաքննություններ։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռ նախաքննություն է ընթանում:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի զինված ուժերում և Ղարաբաղի պաշտպանության բանակում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերը վեցն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG