Մատչելիության հղումներ

Սոնա Ղազարյան. Ստամբուլյան կոնվենցիան նույնասեռ ամուսնություններ թույլ չի տալու


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ «Ազատության» տաղավարում
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ «Ազատության» տաղավարում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը վստահեցնում է՝ Ստամբուլյան կոնվենցիան նույնասեռ ամուսնություն թույլ չի տալու։ Այս մասին նա ասաց «Ազատության» հետ զրույցում։

Պատգամավորը տեղյակ չէր, թե ինչու է նախորդ շաբաթ խորհրդարանի պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովների և Եվրախորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների հետ համատեղ նիստին «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կամ հանրության շրջանում Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի փաստաթուղթը փակ քննարկվել։

«Իրականում, ֆորմատը, չգիտեմ, ինչու էր այդպես ընտրվել, բայց սենյակում ներկա են եղել ինչպես «Իմ քայլը», այնպես էլ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները։ Քննարկվել է Ստամբուլյան կոնվենցիան, Եվրոխորհրդարանից հյուր ենք ունեցել»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց.

«Ինձ համար հատկանշանական են ամենայն հայոց դասախոս-պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերը, նա բարկացած դուրս եկավ սենյակից և մի այնպիսի հայտարարություն արեց, որը մոլորեցրել է հասարակության լայն շերտերի։ Բովանդակային պնդումներ էր անում և սահմանադրական մի նորմ էր առաջ քաշում, որ ՀՀ-ում ամուսնությունը Սահմանադրությամբ կնոջ և տղամարդու միություն էր, և Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուց հետո, պնդում էր, որ դա այդպես չի»։

Սոնա Ղազարյանը հիշեցրեց՝ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, միջազգային պայմանագիրն ԱԺ մտնում է միայն այն պարագայում, երբ ՍԴ որոշմամբ այն չի հակասում Սահմանադրությանը։ «Ես ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին հանգստացնել ու խնդրել չմոլորվել։ ՀՀ ԱԺ կմտնի միայն այն միջազգային փաստաթուղթը, որն ըստ էության չի հակասում Սահմանադրությանը»,- նկատեց նա։

Դիտարկմանը, թե Գևորգ Պետրոսյանն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում «ընտանիք» եզրույթում հատուկ չի նշվում կին և տղամարդ, ինչը կարող է և չհակասել մեր Սահմանադրությանը, և հենց այն ընդունվի, նույնասեռականները կգնան ԶԱԳՍ, Սոնա Ղազարյանն արձագանքեց. «Վստահեցնում եմ՝ չի կարող նման բան լինել, եթե Ազգային ժողով մտավ, ուրեմն Սահմանադրության ոչ մի դրույթի չի հակասում։ Ստամբուլյան կոնվենցիան կընդունենք, չենք ընդունի, մեկ այլ հարց է, որ այն չի հակասում, և շարունակաբար ամուսնանալու հնարավորություն ունենալու են կինը և տղամարդը, միայն կինը և տղամարդը»։

Հիշեցնենք, «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան անդամ 47 երկրներից 34-ն արդեն վավերացրել են, 11 պետություն, այս թվում՝ Հայաստանը ստորագրել և դեռ չի վավերացրել։ Այն խորհրդարանի օրակարգում էլ դեռ չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG