Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ նախարարն ազդարարեց «Դասարան + դասական» ծրագրի մեկնարկը


Նախարար Արայիկ Հարությունյանը (ձ) և Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի շարք կրթամշակութային ծրագրեր է իրականացրել, որոնց այսօր ավելացավ ևս մեկը՝ «Դասարան + դասական» ուշագրավ ծրագիրը, որը մեկնարկեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ծրագրի մեկնարկից առաջ ծրագրի մասնակից աշակերտներին ողջունելով` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ իր համոզմամբ նման ծրագրերը «լուրջ ազդեցություն են ունենալու ոլորտի վրա»․ - «Այդ նախագծերից է աբոնեմենտային ծրագիրը, որը մենք իրականացնում ենք Հայաստանի բոլոր դպրոցներում: Այդ նախագծերից է «Քո արվեստը դպրոցում: Այդ նախագծերից է «Դաս Ա» նախագիծը: Հիմա մենք նման մի ծրագիր սկսում ենք մայր թատրոնի հետ, և մեր խորը համոզումն է, որ այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծելու»:

Մայրաքաղաքի ավելի քան 40 ավագ դպրոցների 250 աշակերտ այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շարադրություն գրեցին հայ թատերարվեստին նվիրված թեմաներով՝ «Իմ սիրած դերասանը», «Իմ սիրած դերասանուհին» և այլն:

Հատուկ ստեղծված թատերական հանձնախումբը կընտրի դրանցից լավագույն 60 շարադրություն, որոնց հեղինակները հնարավորություն կստանան նոյեմբերի 12-16-ը Սունդուկյանի անվան թատրոնում մասնակցել հայ թատերարվեստին նվիրված սեմինար -դասախոսությունների: Դրանք կվարեն թատերական արվեստի մեր լավագույն գործիչները:

Դասախոսությունները կուղեկցվեն նաև փորձերի մասնակցությամբ և ներկայացումների դիտումներով:

Ծրագրի մտահղացումը Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանինն է․ - «Այս ներդրումով է, որ մենք վաղը ունենալու ենք ձևավորված, խորը և ամուր թատերասեր համայնք: Եվ այդ համայնքն է, որ բարձրացնելու է հայ թատրոնը ավելի վեր»:

Ծրագրի մեկնարկից հետո թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած ասուլիսին նախարարն ասաց, որ ոչ միայն այս , այլ նաև այլ կրթամշակութային ծրագրեր կիրականացվեն առաջիկայում․ - «Բոլոր հայտարարությունները, թե մեր աշակերտները մշակույթով չեն հետաքրքրվում, գիտությամբ չեն հետաքրքրվում, չեն համապատասխանում իրականությանը: Այն մի քանի մեծ ծրագրերը, որ մենք իրականացնում ենք դպրոցներում, վկայում են այն մասին, որ մեծ հետաքրքրություն կա բոլոր այս ոլորտների նկատմամբ, որ համակարգում է մեր նախարարությունը: Լավ նախագիծ է: Մենք պետք է սովորեցնենք, որ մեր աշակերտները հաճախեն թատրոններ, բայց հաճախեն գիտակցված, իմանան ուր են գալիս, ինչ են դիտելու: Իմանան տարրական էթիկայի կանոնները թատրոն հաճախելու, ինչը մենք անում ենք դասական երաժշտության համերգների համար: Բայց այս ծրագրով, կարծում եմ նաև, որ թատրոններ հաճախելու մշակույթը կսերմանվի»:

«Ազատության» հարցին, թե արդյոք ծրագիրը շարունակական է, և եթե այո, ապա ինչու ներգրավված չեն մարզային թատրոնները, նախարարն արձագանքեց․ - «Շարունակական ծրագիր է: Երբ որ ամփոփենք, խնդիրները վերհանենք, որոնք կառաջանան այս ընթացքում, և արդեն գարնանը կընդգրկենք նաև մարզերը»:

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նախարարության հետագա ծրագրերից մեկը․ - «Կապիտալ շինարարություն: Էս մի քանի օրը էսքիզները կներկայացնեմ, հրաշալի էսքիզներ են արվել դպրոցների: Մենք ուզում ենք, որ փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների վերածվեն համայնքներում, որովհետև առանձին դպրոցը, էն էլ նոր կառուցված դպրոցը շահավետ չի լինելու շահագործման առումով, բայց բազմաթիվ այլ ֆունկցիաներ կդնենք, և նաև մշակույթին կծառայեն այդ դպրոցները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG