Մատչելիության հղումներ

Տոնոյան. «Գեներալների դեմ հարուցված քրգործերը հրամանատարական կազմին տոնուսի մեջ են պահում»


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 4-ը նոյեմբերի, 2019թ․

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ գեներալիտետի շրջանում մտահոգություններ չկան։ Ինչ վերաբերում է որոշ գեներալների դեմ հարուցված քրեական գործերին, ապա, Տոնոյանի փոխանցմամբ, դա մտահոգում է, բայց միևնույն ժամանակ բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում։

«Ազատության» դիտարկմանը՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն խոսակցություններին, թե ինքը թուլացնում, վարկաբեկում է գեներալիտետին՝ հաշվի առնելով քրեական գործերը, որ տարբեր գեներալներին ներկայացվում են, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Չկա այդպիսի բան, ինձ թվում է՝ որոշ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում-կուտակվում և հասնում են վարչապետին, իր մոտ տպավորություն են ստեղծում, թե գեներալիտետի մոտ կա դժգոհություն։ Կարող է կան գեներալներ, որոնց մոտ կան այդ մտահոգությունները, բայց այն, ինչ որ արվել է այս վերջին մեկուկես տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություն առաջանա»։

Դիտարկմանը, թե կան քրեական գործեր, որոնցով տարբեր գեներալներ անցնում են, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Դա մտահոգում է, իհարկե, բայց կարծում եմ, որ դա մեր բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում»։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նաև նշել էր, որ առաջին անգամ է, որ մեկուկես տարվա ընթացքում՝ այդքան կարճ ժամանակահատվածում, այդչափ բարեփոխումներ են տեղի ունենում Զինված ուժերում։

Հարցին, թե նախկինում փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանը իսկապես համեմատության մեջ այդպիսի տեղաշարժեր է նկատել, նա արձագանքեց. «Արագությունները մեծացել են, արագությունները շատ մեծ են այս պահին, բոլոր ոլորտներում՝ և՛ կենցաղային ապահովման զինծառայողների, և՛ նյութատեխնիկական ապահովման, սպառազինության ապահովման»։ Իսկ ճշտմանը, թե ինչով է դա պայմանավորված, ինչո՞ւ չկար այդ արագությունը նախկինում, նա նախ արձագանքեց՝ բարձր տրամադրվածությամբ, ապա շարունակեց. «Այդպիսի բան չկա, նախկինում էլ են եղել գործընթացներ, վարչապետը խոսել է կարճ ժամանակահատվածի համար, որ իրականում կարճ ժամանակահատվածում մեծ փոփոխություններ են կատարվել, բայց այնպես չէ, Զինված ուժերը չեն դոփել տեղում»։

2020-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում խորհրդարան եկած պաշտպանության նախարարին «Ազատությունը» նաև հարցրեց՝ արդյո՞ք կհամաձայնի պատասխանել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին: Հիշեցնենք, Դավիթ Տոնյանը 2016 -ի ապրիլին զբաղեցնում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Տոնոյանն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում և հրավերի դեպքում կմասնակցի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին, միևնույն ժամանակ ընդգծեց՝ Պաշտպանության նախարարության համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել քառօրյա պատերազմի ընթացքում:

«Ես մեկ անգամ ևս կրկնում եմ, որ բոլոր ասեկոսեները և բանսարկությունները, որ գոյություն ունեն հասարակության մեջ՝ ապրիլյան գործողությունների հետ կապված, կփարատվեն։ Ես չեմ կարող ասել, թե հանձնաժողովն ինչ կվերանայի, բայց այն, ինչ կկատարվի, արդյունքը ես ակնկալում եմ դրական, որը ավարտ կտա այդ բոլոր խոսակցություններին», - ասաց նա, ապա հավելեց. «Ինձ համար պարզ է, որ եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից։ Հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են, ու մենք դրա մասին քաջատեղյակ ենք»։

Տեղեկացնենք, որ 2020-ի բյուջեի նախագծով պաշտպանական ոլորտին կհատկացվի ավելի քան 307 միլիարդ դրամ, այսինքն՝ մոտ 640 միլիոն դոլար:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք բավարար համարում են 2020-ի բյուջեով նախատեսված ռազմական ծախսերը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, թե իբրև պաշտպանության նախարար կցանկանար, որ այդ գումարը եռապատկվեր, բայց պետք է հաշվի առնել երկրի տնտեսական հնարավորությունները. «Այսօրվա բյուջեն բավարար է, որ մենք բոլոր մարտահրավերներին արձագանքենք պատշաճ ձևով»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ՍՈւ-4 ինքնաթիռների ժամանմանը Հայաստան, պաշտպանության նախարարը հայտնեց, որ դրանք կժամանեն կա՛մ դեկտեմբերին, կա՛մ հունվար-փետրվար ամիսներին։ «Այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր զինատեսակներ։ Ե՛վ 2019, և՛ 2020 թվականին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն ու միայն նոր, արդիական կարողություններ տարբեր երկրներից», - եզրափակեց Տոնոյանը։

XS
SM
MD
LG