Մոլդովայի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ ռուսամետ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչն ընտրվել է մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետ:
Նախնական տվյալներով՝ երեկ անցկացված ընտրություններում սոցիալիստ Իոն Սեբանը ստացել է ձայների 52 տոկոսը, իսկ նրա մրցակից Անդրեյ Նաստասեն՝ մոտ 48 տոկոսը:
Քաղաքապետի երկու թեկնածուները ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո մամուլի ասուլիսով են հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և բոլոր ընտրողներին։
39-ամյա Սեբանը իր հայտարարության մեջ չի շեշտել իր քաղաքական պատկանելությունը՝ փոխարենը ասելով, որ կլինի Քիշնևի բոլոր բնակիչների քաղաքապետը: Նա որպես առաջնահերթություն նշել է քաղաքը ձմռանը պատրաստելը, ջեռուցման համար փոխհատուցում տրամադրելը և հաջորդ տարվա համար բյուջեի ընդունումը:
Ըստ ԿԸՀ-ի՝ քվեարկությանը ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 37 տոկոս: