Մատչելիության հղումներ

«Ամբողջ խնդիրը լուծելու միտք էլ չկա»․ Աղետի գոտու ժամանակավոր կացարանների թվերի հետ կապված անհամաձայնություն կա


Տնակ Գյումրիում, արխիվ
Տնակ Գյումրիում, արխիվ

Մոտ մեկ տարի է, ինչ կառավարության ստեղծած հանձնաժողովը հաշվառում է աղետի գոտու ժամանակավոր կացարանները ու թեև հաշվառման համար վերջնաժամկետ էր սահմանվել հունիսի 30-ը, բայց մինչ օրս դեռ անհամաձայնություն կա թվերի հետ կապված:

Հանձնաժողովի անդամ Վահան Թումասյանի կարծիքով՝ ժամանակն է, որ հաշվառման գործընթացին զուգահեռ գործնական քայլեր արվեն։ Անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ» կենտրոնի ղեկավարն առաջարկում է սկսել Գյումրիում հաշվառված մոտ 600 փակ տնակները քանդելուց:

«Գյումրիի վերաբերյալ առաջարկ եղավ սկսել փակ տներից, չբնակեցված տնակներից և երկար խոսակցություն, մենք մեր օրինակով ես բերեցի, որ հիմա դատարանի առաջ եմ տնակ քանդել, տարածքը մաքրելու համար, բացատրեցինք, որ այդքան էլ հեշտ գործ չէ տնակ մաքրելը, որովհետև դրա հետևում մարդիկ են կանգնած: Որոշում կայացվեց, ավելի շուտ հանձնարարություն տվեց վարչապետը, ընդունվեց էդ առաջարկությունը, որ Գյումրիում սկսենք դատարկ տնակներից և հանձնարարություն տվեց աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին՝ մեկ ամսվա ընթացքում իրավական կողմն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթները պատրաստել, որպեսզի կառավարության որոշում ընդունվի՝ դե տնակը մաքրելու պայմանները, տնակը քանդելու, սեփականատիրոջ հետ հարաբերությունները, տնակում, եթե գույք է դրված, էդ գույքը ինչ պետք է արվի», - նշեց «Շիրակ» կենտրոնի տնօրենը:

Կառավարությունը մեկ այլ հանձնաժողով էլ է ստեղծել, որը համադրում է գույքագրված ժամանակավոր կացարանները կադաստրային քարտեզների հետ: Այստեղ ևս թվերի անհամաձայնություն կա։ Խոսքը 900-ից ավելի տնակի հաշվառման մասին է միայն Գյումրի քաղաքում:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը ասում է՝ իրենք կադաստրից պահանջել են քարտեզները համադրելու համար: Համադրել ու անճշտություն չեն գտել:

«Մենք կադաստր գրավոր դիմում գրենք մարզպետի գրությամբ, որ խնդրում եմ ձեր տվյալները մեզ ներկայացրեք մի հատ մենք համեմատենք՝ անճշտությունները ճշտելու համար, կադաստրը պատասխանեց, որ լիարժեք չեմ կարող ներկայացնել, ուղարկեց Ֆանտանների թաղամասը և «Շիրակ» հյուրանոցի հետևի թաղամասը: Համեմատական դրինք Գյումրու քաղաքապետարանի հետ, տարբերություն ընդհանրապես չեղավ, այսինքն՝ էդ թիվը, որը ասում էր 900 տնակի տարբերություն, մենք երկու բան ներկայացրեց մեզ, համեմատեցինք քաղաքապետարանի տված քարտեզին՝ տարբերություն չկար», - ասաց Հարությունյանը:

Աղետի գոտում, վերջին տվյալներով, հաշվառվել է 6338 ժամանակավոր կացարան շուրջ 3500-ը՝ Շիրակի մարզում: Տնակների թվով առաջատարը Գյումրին է՝ 2854:

Վարչապետը հայտարարել էր, որ նախ պետք է գույքագրում արվի՝ հասկանալու, թե ինչի հետ գործ ունեն, հետո նոր հաշվեն, թե որքան գումար կպահանջվի խնդիրն ամբողջությամբ լուծելու համար: Հիմա, երբ արդեն հստակ թիվ կա, արդյոք հայտնի է, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը: Վահան Թումասյանը նկատում է՝ եթե սկզբում ոգևորություն կար հարցը արագ լուծելու, հիմա հարցի ֆինանսական կողմի մասին խոսք չկա:

«Թե աղետի գոտում որքան գումար է պետք, որ էս անօթևանության խնդիրն ամբողջությամբ լուծվի, դա որևէ մեկին այլևս չի հետաքրքրում, ինչպես հետաքրքրում էր ծրագրի սկզբում: Այսինքն՝ դրա մասին նույնիսկ խոսակցություն չկա, որովհետև ամբողջ խնդիրը լուծելու միտք էլ չկա: Սկզբից կային որոշակի ակտիվ մարդիկ, որ խոսում էին 60 միլիոն դոլարի, չգիտեմ ինչ թվերի մասին, հիմա երբ որ հաշվարկեցին և թիվը եռապատկվեց հաստատ էդ 60 չէր պահի», - ասաց Թումասյանը:

Գյումրիում երկրաշարժից անօթևան մնացած մոտ հազար ընտանիք տարբեր պատճառներով զրկվել է փոխհատուցումից, օրինակ, չեն հասցրել 2011 թվականի վերջին հաշվառմանը փաստաթղթեր ներկայացնել։ Այժմ Շիրակի մարզպետարանը կառավարությանը այս ընտանիքների վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել:

Արդյոք հնարավո՞ր է վերջնական լուծում տալ արդեն երեք տասնամյակ տևող այս խնդրին։ Անօթևանների հարցերով զբաղվող մասնագետները հիշեցնում են՝ 1926 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ բարաքներ կան, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG