Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Մերձդնեստրի սառեցված հակամարտության կարգավորումը «ճիշտ ուղղությամբ է ընթանում»:
Դոդոնի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան առաջարկել է փակել ինքնահռչակ հանրապետության տարածքում գտնվող Կոբասնա գյուղի հարևանությամբ տեղակայված խոշոր զինապահեստը: «Դա [ռուսական] զորքերի դուրսբերման ուղղությամբ առաջին քայլը կլինի», - ընդգծել է Մոլդովայի նախագահը:
Դոդոնի խոսքով, Ռուսաստանի իշխանությունները առաջարկել են նաև համապատասխան սարքավորումներ տրամադրել զինապահեստների անվտանգ վերատեղակայման և հին սպառազինության ոչնչացման համար:
Կոբասնա գյուղում գտնվող զինապահեստի հսկողությունը այն հիմնական պատրվակն է, որի հիման վրա Ռուսաստանը Մերձդնեստրում 1400 հոգանոց զորախումբ է պահում: