Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնը


Երեկ երեկոյան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում տեղի ունեցավ Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը, որից հետո ներկայացվեց Վարշավայի թատերական ակադեմիայի ուսանողների կողմից բեմադրված «Շեքսպիրի ուրվականները» պիեսը:

Այն, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր ներկայացման մեջ ընդգրկված դերասաններից մեկը՝ Փավեու Բժեշտը, իր մեջ ներառում է շեքսպիրյան լավագույն գործերից հատվածներ, որոնք միմյանց համադրելով լեհ ուսանողները փորձել են նորովի, առավել արդիական ներկայացնել շեքսպիրյան ստեղծագործություններում արծարծված համամարդկային հույզերն ու զգացմունքները՝ սերը, ատելութունը, կիրքը, հավատարմությունն ու դավաճանությունը:

Փառատոնի տնօրեն, ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով էլ այս տարի Շեքսպիրյան փառատոնը կհյուրընկալի 6 երկրներից ժամանած ավելի քան 90 մասնակիցների՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային թատերական փառատոնների տնօրենների և արտմենեջերների: Փառատոնին մասնակից երկրներն են այս տարի Լեհաստանը, Իտալիան, Ռուսաստանը, Իրանը և Ղազախստանը:

Բացի հիմնական ծրագրից այս տարի փառատոնն առաջին անգամ ունի նաև FestOut կոչվող ծրագիրը, որն ինչպես ներկայացնում է փառատոնի տնօրեն Կարո Բալյանը․ «Ուսանողական ազատ թատերախմբերի համար է նախատեսված, որը լինելու է մրցույթ- փառատոն: Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի հետ մենք համաձայնության ենք եկել այս ամռանը, որ կստեղծվի հանձնախումբ FestOut ծրագրի համար և երիտասարդները հարթակ կունենան, հնարավորություն կունենան մասնակցելու և իրենց պրոդուկտը ներկայացնելու, իրենց խենթ ու խելառ Շեքսպիրը ներկայացնելու, իսկ հաղթողը կմեկնի, հրավեր կստանա Գդանսկի միջազգային փառատոնի Shakespeare off ծրագրի կողմից մասնակցելու այդ հեղինակավոր, աշխարհահռչակ փառատոնին, ինչպես գիտեք շատ հայտնի փառատոն է: Շեքսպիր դրամատուրգի հետ աշխատանքը այնքան բազմաշերտ է, որ, օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչ խենթ ու խելառ բան կարելի է անել, ինչ էքսպերիմենտալ բան կարելի է անել Շեքսպիրից, քանի որ Shakespeare off ծրագրում, երբ որ տեսնում ենք, թե ինչ են արել Գդանսկի փառատոնում ամեն տարի Shakespeare off-երը ինձ ուղղակի զարմացնում են, ավելի շատ են զարմացնում, քան հիմնական ծրագրերը»:

Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում են թատերագետներ Հայաստանից և Լեհաստանից, ովքեր էլ Նոյեմբերի 1-5 ընկած ժամանակահատվածում երևանյան 7 բեմահարթակներում հայ հանդիսատեսի հետ կդիտեն փառատոնին մասնակից 10 ներկայացումները և կընտրեն դրանցից լավագույնները:

Այս փառատոնը տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և որոշ հովանավորների աջակցությամբ: Փառատոնի տնօրենը հույս ունի, որ առաջիկայում տարեցտարի հնարավոր կլինի մեծացնել փառատոնի բյուջեն, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա էլ ավելի շատ մասնակիցներ հրավիրել և հանդիսատեսին ներկայացնել շեքսպիրյան լավագույն ներկայացումներ:

«Հավատացեք, պատճառը կրկին ֆինանսավորումն է, այն ֆինանսավորումը, որը մենք ստանում ենք, դրանով ավելին ենք անում: Սպասում են հրաշք թատրոններ, այսինքն՝ ում այս տարի չկարողացանք բերել սղության պատճառով, իրոք հրաշք թատրոն», - ասաց Կարո Բալյանը:

Այս տարի հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել իր իսկ՝ փառատոնի տնօրեն Կարո Բալյանի բեմադրած շեքսպրիյան «Չափն ընդ չափի» ներկայացումը, որը Կարո Բալյանը բեմադրել է ռուսական Օրսկ քաղաքի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում: Այդ բեմադրությունն այնտեղ մեծ հաջողություններ է գրանցել, և ինչպես ներկայացնում էր թատրոնի գլխավոր մենեջեր Անաստասիա Կատաևան, անմիջապես մի շարք երկրներում տեղի ունեցող թատերական փառատոններին մասնակցության հրավեր է ստացել:

Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի հենց այս բեմադրությամբ, որից հետո ռուսական թատերախումբը Կարո Բալյանի գլխավորությամբ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու այնտեղ տեղի ունեցող միջազգային թատերական փառատոնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG