Մատչելիության հղումներ

Ռուստամ Բադասյանը ստուգել է «Արմավիր» ՔԿՀ-ում մասնավոր ընկերության կողմից մատուցվող սննդի որակը


Տարիներ շարունակ սննդի վատ որակի և սանիտարահիգիենիկ պայմանների համար լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների արժանացած «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը։

Այսօր էլ «Արմավիր» ՔԿՀ այցելած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը համտեսեց կալանավորների կերակուրը: Բանտի աշխատակիցները վստահեցրին՝ կալանավորները խցեր են տանում արդեն որակյալ ու լավ սնունդ. - «Ճաշի ժամերին առաջին ճաշատեսակը տաք կերակուր է լինում, երկրորդը՝ որևէ փլավ, աղցան, տարբեր տեսակի մսեղեն», - ասաց աշխատակիցներից մեկը։

Նախարարը հիշեցրեց՝ նախկինում բանտարկյալները հրաժարվում էին կալանավայրում տրամադրվող սննդից, իսկ այժմ հենց «Արմավիրում» 100 տոկոսանոց ցուցանիշ կա՝ բոլորն էլ սնվում են։ Պիլոտային ծրագրից կկարողանան օգտվել Հայաստանի բոլոր կալանավորները։ Ըստ նախարարի, ծրագիրն ամբողջությամբ բոլոր ՔԿՀ-ներում կներդրվի 2021 թվականից։ Հիմա փորձում են հասկանալ, թե եկող տարի ինչպես կարող են դա ապահովել, չի բացառվում, որ հենց 2020-ին այն ամբողջությամբ ներդրվի։

Նախարարն ու մի խումբ լրագրողներ խոհանոցից խցեր ուղևորվեցին։ «Ազատությունը» փորձեց հենց կալանավորներից հետաքրքրվել՝ արդյո՞ք դժգոհություններ ունեն պայմաններից, թե ոչ, սակայն կալանավորների կողքին հայտնվող բանտապահները փորձում էին հարցազրույցների ընթացքին հետևել։

Կալանավորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, այդուհանդերձ «Ազատության» հետ զրույցում հայտնեց իր բողոքը՝ չնայած երրորդ անձի ներկայությանը։ Կալանավորի պնդմամբ, ինքն առողջական խնդիր ունի, բայց իրեն հետազոտության չեն տանում․ - «Չեն տանում գլուխս նկարելու, լավ չի վիճակս, սաղս էլ հիվանդ ենք, ամեն մեկն էլ պրոբլեմ ունի, գլխացավեր ունեմ ուժեղ, չեն տանում դուրս նկարելու»,- պատմեց նա։։

Տղամարդու ներկայացմամբ, բուժսպասարկման առումով վիճակը բանտում վատ է: «Բժշկությունը շատ դժվարա հասցնում մարդկանց ինչ-որ բանով օգնել, որ բժիշկներին հարցնում ենք, իրենք ասում են՝ մենք ի վիճակի չենք, էդ դրսի խնդիրա,պիտի դիմումներ գրեք, էս անեք, էն անեք, մարդ կա գիտի՝ էդ օրենքները ոնց են շարժվում, մարդ կա, չգիտի»,- պատմեց կալանավորը։

Ամեն դեպքում, կալանավորը բանտի աշխատակիցներին չմեղադրեց, ասաց՝ իրենց լավ են վերաբերվում, իսկ այս խնդիրը պետք է կառավարությունը լուծի: Նախարարն արձագանքեց բողոքին՝ պնդելով, թե իրենք արդեն բարելավումներ իրականացրել են և մինչ այս բողոքների մասին չեն լսել։

«Հիմա դուք ասում եք՝ կա նման խնդիր, մենք շարունակաբար զբաղվում ենք, որ նման խնդիրներ չլինեն, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ չեն բավարարում մեր միջոցները, անպայման տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոց», - վստահեցրեց Ռուստամ Բադասյանը։

ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նկատեց, որ կալանավայրերում բուժսպասարկումն ու կալանավորների առողջությունը համակարգային խնդիր է ու շատ խոցելի. - «Դա այն ոլորտն է, որտեղ միշտ կան խնդիրներ։ Որ դատապարտյալն իր հաշվին իրականացնի, պիտի տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, ու դա որոշակի ժամանակ տանող պրոցես է, բայց եթե պետության միջոցների հաշվին է, ու պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, այստեղ էլի այդ հարցին պետք է առնչվենք»,- ասաց նա։

Մյուս կալանավորները բանտապահների ներկայությամբ «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ բողոքներ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG