Մատչելիության հղումներ

Մետրոյի նոր կայարանի կառուցման համար «անհրաժեշտ է Երևանի մեկ տարվա բյուջեի չափ գումար»


Մետրոյի նոր կայարանի էսքիզը

1978 թվականից Մետրոպոլիտենում աշխատող Սլավա Մկրտումյանը, որ այժմ տնօրենի խորհրդականն է, պատմում է խորհրդային տարիներին մշակված մետրոյի զարգացման ծրագրի մասին. 2040 թվականին պետք է ունենային արդեն 40 կայարան։

Այժմ ունեն 10-ը, իսկ 11-րդի մասին խոսակցությունները վերջերս կրկին ակտիվացել են, երբ քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ հնարավոր ներդրողի հետ բանակցում են, դեռևս, սակայն, առանց վերջնական խոստում հնչեցնելու։

Վերջին 20 տարում նման խոսակցություններ Սլավա Մկրտումյանը շատ է լսել. «Էն մնացած խոսակցությունների նկատմամբ այս անգամվանը ավելի իրատեսական է, դե քանի որ վերջնական ոչ մի բան չկա»:

Մետրոպոլիտենում ու քաղաքապետարանում արված տարբեր հաշվարկներով նոր կայարան ունենալու համար անհրաժեշտ է 70-150 միլիոն դոլար՝ կախված կառուցապատողի առջև դրվելիք պահանջներից։ Ըստ քաղաքապետարանի ծրագրի, այդ ներդրումը պետք է արվի մասնավոր ոլորտից, ինչի դիմաց նույն գործարարը հնարավորություն կունենա առևտրի ու ժամանցի կենտրոններ կառուցել հարակից տարածքներում։

«Ես էդ կառուցված մասը թունելի անցել եմ ոտքով, նաև շինարարները, ովքեր կառուցել են հիմնականում իրանք էին ու մենք բոլորս միասին փորձել ենք մատուցել, որպեսզի ով որ գալու է կառուցելու Մետրոպոլիտենը, մաքսիմալ ինֆորմացված լինի», - ասաց Մկրտումյանը:

Քաղաքապետարանից դեռ անուններ չեն հնչեցնում, թե ում հետ են բանակցում, սակայն եթե նրանց ծրագիրը իրականություն դառնա անհրաժեշտ կլինի ավելի քան 500 մետր երկարության, դեռ խորհրդային տարիներին փորված թունելը վերածել մետրոյի թունելի, ապա արդեն կառուցել Հրազդանի կիրճի մի կողմը մյուսին կապող կամուրջ։ Այս աշխատանքների համար, ըստ Մկրտումյանի, հաստատ նաև դրսից մասնագետներ ներգրավելու կարիք կլինի։

«Հին թիմից շատ քիչ մարդիկ են մնացել, մի քանի հոգի ենք», - ասաց Սլավա Մկրտումյանը:

Ամայի այս տարածքը Հալաբյան փողոցի հարակից այն հատվածն է, որ կարող է վերածվել կայարանի ու ժամանցի կենտրոնի։

Վալերիկն այստեղ է արդեն ավելի քան 10 տարի, տարածքի հսկիչն է։

«Ստեղ պիտի շենք սարքեին, հետո թույլտվություն չտվեցին, չսարքեցին», - նշեց տարածքի հսկիչը:

2000-ականներից այստեղ այլ շինթույլտվություններ, սակայն, տրվել են: Երբ կայարանը կառուցվի, անհրաժշտ կլինի ունենալ նաև իրացման գոտի, հայտնում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նաև նշելով, որ սեղանին այս օրերին նախագծի էսքիզային տարբերակ ունեն։

«Էս էսքիզը նախատեսում է կայարանը, հենց բուն կայարանը մետրոյի տեղակայել ձորի վրա կառուցվող կամուրջի վրա հենց, որը և՛ նկատելիորեն էժանացնում է պրոեկտը և հենց այդ կամուրջի վար կառուցվում է կայարանը, որը հնարավորություն է տալիս գնացքին մոտենալ երկու կողմերից էլ՝ և՛ Բարբյուսի փողոցի կողմից՝ Կիևյանի հատվածից, և՛ Հալաբյան փողոցի կողմից», - նշեց Կարապետյանը:

Մետրոյի նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ է գրեթե Երևանի քաղաքային մեկ տարվա բյուջեի չափ գումար, ասում է Կարապետյանը, սակայն նաև ավելացնում է, որ քաղաքապետարանում նաև գիտակցում են նման մեծ խոստում հնչեցնելու պատասխանատվությունը։

«Քաղաքային բյուջեն կարող է չբավականացնել այս կամ այն պրոեկտը իրականացնել, բայց այն ռեսուրսը, այն կապիտալը՝ քաղաքական, մարդկային վստահության կապիտալը, որ ունի գործող քաղաքային իշխանությունը, դա բավականացնում է, որպեսզի հավակնոտ պրոեկտներ դրվեն մեր առաջ և դրանք իրագործվեն», - ընդգծեց Հակոբ Կարապետյանը:

XS
SM
MD
LG