Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկում է «Ժամանակակից դասականներ» միջազգային երաժշտական փառատոնը


Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Ժամանակակից դասականներ» միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը: Այս փառատոնը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Իր իսկ խոսքով, սա աննախադեպ փառատոն է, քանի որ նոյեմբերի մեկից ինն ընկած ժամանակահատվածում Երևանում կհամախմբվեն ժամանակակից աշխարհահռչակ կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները կհնչեն փառատոնի շրջանակներում կայանալիք համերգների ընթացքում:

«Մեկնարկում է բացառիկ և հետաքրքիր փառատոն՝ աշխարհի ժամանակակից լավագույն կոմպոզիտորները, որոնց հետևում է ողջ աշխարհը, գալիս են Հայաստան», - ներկայացրեց Սմբատյանը։

Փառատոնի բացման համերգը նվիրված է Տիգրան Մանսուրյանին: Այս երեկո նրա ստեղծագործությունները կհնչեն: Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելոյի կատարմամբ կհնչի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը, համերգին մասնակցում է նաև անվանի ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանը։

Փառատոնի կազմակերպիչ Սերգեյ Սմբատյանը կարևորեց, որ մաեստրոյի հոբելյանի առթիվ կայացավ մեծ փառատոն, որի մասին խոսեց աշխարհը։ «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում լսեցին մաեստրոյի այն սիմֆոնիկ գործերը, որոնց մասին աշխարհում են խոսում և ճանաչում են Հայաստանը մաեստրոյի այդ գործերով», - նկատեց նա։

Փառատոնի բացման համերգից առաջ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ հանդիպմանը ներկա Տիգրան Մանսուրյանը խոստացավ, որ հագեցած երաժշտական տասնօրյակ է սպասվում. - «Նմանը չունեցող մի հսկա իրադարձություն է։ Շատ հետաքրքիր ու բովանդակությամբ լեցուն համերգաշրջանի նախադռանն ենք, և ամսի 1-ից սկսվում է այդ փառատոնը՝ ներառելով շատ հետաքրքիր անուններ»,- ասաց Մանսուրյանը։

Բացի համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտորներից, փառատոնին մասնակցության համար այս տասնօրյակում Երևան կժամանեն նաև շատ հայտնի երաժիշտ- կատարողներ կամ, ինչպես ընդծեց Սերգեյ Սմբատյանը, լավագույն մենակատարներ՝ հայտնի, կայացած, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմրը, Մարիո Բրունելոն։

«Մթնոլորտը, որ ձևավորվելու է, շատ թանկ է մեզ համար, երաժշտությունը լինելու է դոմինանտ, ոչ միայն աշխարհին հայտնի երաժշտություն, այլև այս պարագայում խոսքը ժամանակակից երաժշտության մասին է, որը շատ բարդ է, ու քիչ երկրներ կարող են իրենց նման բան թույլ տալ։ Կարծում եմ՝ մեր մշակութային կյանքում դա նոր ձեռքբերում է, նոր ֆորմատ։ Մենք աշխարհի մշակութային քարտեզում կարող ենք լինել ոչ միայն ընդունված ծրագրով, այլև ստեղծել նորը» ,- կարծում է Սերգեյ Սմբատյանը։

Վերջինս հավելեց, որ «Ժամանակակից դասականներ» երաժշտական միջազգային փառատոնին մասնակցում է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հենց նա էլ կղեկավարի փառատոնի շրջանակներում կայանալիք աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված համերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG