Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Դոնալդ Թրամփը թշնամու համար լավագույն նախագահն է, քանի որ անթաքույց խոսում է մերձավորարևելյան նավթը գրավելու ցանկության մասին:
Նախկինում Թրամփը նշել է, թե Վաշինգտոնը սխալ է գործել՝ Բաղդադին վերադարձնելով Իրաքի նավթահանքերը: Անցած շաբաթ էլ ասել է, որ «Իսլամական պետության» լիդեր Աբու Բաքր ալ-Բաղդադիին սպանելուց հետո Ամերիկան հսկողության տակ է վերցնում Սիրիայի նավթահանքերը:
«Եթե ինձ հարց տաք ԱՄՆ նախագահ Թրամփի մասին, իմ պատասխանը կարող է զարմանք առաջացնել, ես կասեմ, որ նա Ամերիկայի լավագույն նախագահն է, քանի որ բացահայտ խոսում է Մերձավոր Արևելքի նավթին տիրանալու ցանկության մասին», - հայտարարել է Ասադը:
Նրա պնդմամբ, «ԱՄՆ բոլոր նախագահները հանցանքներ են գործել, հետո էլ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացել որպես մարդու իրավունքների պաշտպաններ, բայց իրականում նրանք ընդամենը ներկայացնում են Ամերիկայի զենքի, նավթի կամ խոշոր այլ ճյուղերի շահերը՝ որպես լոբբիստներ»:
«Թրամփը բացահայտ ասում է, որ ուզում է նավթը, ուզում է, որ այս մարդը փոխվի, այն մարդը նշանակվի, սա է Ամերիկայի իրական քաղաքականությունը՝ թափանցիկ թշնամուց լավ բա՞ն»,- հռետորական հարց է տվել Ասադը:
Սիրիայի նախագահն ասել է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությամբ հարց չի լուծվի: Նա, ըստ Ասադի, «սոսկ գործիք էր ԱՄՆ ձեռքում և պահանջված պահին փոխարինվեց»:
Ասադի համոզմամբ, իսլամիստ զինյալների սպառնալիքը չի վերանա, քանի դեռ Սաուդյան Արաբիայի հովանու տակ գտնվող վահաբականների դիրքերն ամուր են տարածաշրջանում:
Ասադը նաև ասել է, որ ցանկանում է քաղաքական ելք գտնել այսօր ստեղծված իրավիճակից, բայց միաժամանակ նախազգուշացրել է ապստամբներին և Անկարային, որ եթե Սիրիայի տարածքային ամբողջականությունը քաղաքական եղանակով չվերականգնվի՝ «կմնա միայն լայնածավալ պատերազմի տարբերակը»: