Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահը և Վրաստանի վարչապետը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ողջունում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, 31-ը նոյեմբերի, 2019թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ողջունում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, 31-ը նոյեմբերի, 2019թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եկող տարվա գարնանը այցելելու է Վրաստան՝ վարչապետ Գիորգի Գախարիայի հրավերով: Այս մասին Էրդողանը հայտնել է Անկարայում Վրաստանի վարչապետի հետ երեկ կայացած մամուլի համատեղ ասուլիսում:

Էրդողանը Գախարիային շնորհակալություն է հայտնել Թուրքիա այցելելու համար ու ևս մեկ անգամ նրան շնորհավորել վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Նա ասել է, թե հավատացած է, որ Գախարիայի ղեկավարությամբ Վրաստանը կշարունակի ընդլայնել թուրք-վրացական հարաբերությունները:

«Դժբախտաբար, մեր ռազմավարական հարաբերությունները սառեցվել էին: Այսօր մեր արտգործնախարարներին հանձնարարականներ ենք տվել Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը հրավիրել որքան հնարավոր է շուտ», - ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքով՝ էներգետիկ և տրանսպորտային համատեղ ծրագրերը, որոնք միասին իրականացվել են «եղբայրական Ադրբեջանի հետ», հնարավորություն են տվել կայունության գոտի ստեղծել Կովկասից մինչև Անատոլիա:

«Այսօր մենք ևս մեկ անգամ պատրաստակամություն ենք հայտնել 2018 թվականին արձանագրված 1,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունը մեծացնել, հասցնել մինչև 3 միլիարդ դոլարի», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը և համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, Էրդողանն ասել է, թե երկու երկրների զորավարժությունների շրջանակներում 2 հազար 200 վրացի զինծառայողներ ռազմական կրթություն են ստացել: Նա նաև հույս է հայտնել, որ ամուր կապեր կստեղծվեն երկու երկրների ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների միջև:

Ռեջեփ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության կողմնակից է ու այդ ուղղությամբ ակնկալում է Վրաստանի ներդրումը:

Նրա խոսքով՝ Վրաստանը կամուրջ է, որը Թուրքիային միացնում է իր եղբայրների հետ, իսկ Թուրքիան Վրաստանի համար ռազմավարական ուղի է՝ Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելու համար:

Գիորգի Գախարիան, իր հերթին, հայտարարել է, թե Թուրքիան Վրաստանի համար հիմնական ճանապարհն է դեպի Եվրոպա, կարևորելով երկու երկրների միջև էներգետիկ միջանցքները:

Գախարիան նշել է, որ Թուրքիան Վրաստանի առևտրային հիմնական գործընկերներից մեկն է, և հաստատել է Թբիլիսիի հանձնառությունը՝ զարգացնելու ներկայումս գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը:

XS
SM
MD
LG