Մատչելիության հղումներ

Դրոշի միջադեպի պատճառով աշխատանքից ազատված մաքսավորը կրկին ծառայության կընդունվի․ վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատանը, 9-ը ապրիլի, 2019թ․

Այս տարվա ապրիլին դրոշի հետ կապված միջադեպի պատճառով աշխատանքից ազատված մաքսային ծառայողը կրկին ծառայության կընդունվի, այսօր հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար», - Ֆեյսբուքում գրել է կառավարության ղեկավարը:

Որպես հետգրություն վարչապետը գրում է․ - «Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը և այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով: Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»:

XS
SM
MD
LG