Մատչելիության հղումներ

Թրամփ․ Թիվ 1 ահաբեկիչը սպանված է


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է:

Թրամփի խոսքերով թիվ 1 ահաբեկիչը սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում: Հատուկ գործողությունների անցկացման հստակ վայրը ԱՄՆ նախագահը չի նշել: Ավելի վաղ հաղորդվել է, որ դա տեղի է ունեցել Իդլիբում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու:

Թրամփը որոշ մանրամասներ է ներկայացրել. ամերիկացի զինվորականները վայրէջք են կատարել ութ ուղղաթիռներից։ Ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունը իրական ռեժիմով հետևել է այդ գործողություններին, հրաձգության արդյունքում, Թրամփի խոսքերով, սպանվել են ալ-Բաղդադիի մերձավորները: Ինքը՝ ահաբեկիչ առաջնորդը, փորձել է թաքնվել տնից տանող թունելում, սակայն անխուսափելի գերեվարման վտանգից ելնելով՝ ինքն իրեն պայթեցրել է։ Նրա հետ միասին սպանվել է երեք անչափահաս երեխա:

Թրամփը չի հիշատակել նրա կանանց։ Ավելի վաղ հաղորդվել է, որ նրանք նույնպես ինքնասպան են եղել: ԱՄՆ նախագահի խոսքերով, այդ տնից տարհանվել են 11 երեխաներ, նրանք չեն վնասվել։ Ամերիկացի զինվորականների շրջանում կորուստներ չկան:

Թվարկելով ալ -Բաղդադիի գլխավորած խմբավորման հանցագործությունները՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ այդ մարդու մահից հետո աշխարհն այժմ ավելի անվտանգ է դարձել։

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Իրաքին, Սիրիային և սիրիացի քրդերին՝ այդ գործողությանը նպաստելու համար: Ռուսաստանը, մասնավորապես, Թրամփի խոսքերով, ամերիկացի զինվորականների համար օդային միջանցք է բացել դեպի Սիրիա, թեև ամերիկացի առաջնորդի խոսքերով Վաշինգտոնի գործընկերները տեղյակ չեն եղել գործողության ճշգրիտ նպատակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG