Իրաքում երրորդ օրն է շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները․ վերջին երկու օրվա ընթացքում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների ժամանակ սպանվել է 67 մարդ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել:
Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հրամանով Բաղդադի փողոցներում տեղակայվել են հակաահաբեկչական էլիտար ստորաբաժանումներ։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը ի վիճակի չէ ցրել ցուցարարներին:
Իրաքում հակակառավարական ցույցերը մեկնարկել են շաբաթներ առաջ, այժմ նոր թափով կրկին վերսկսվել են: Բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների թիվը հասնում է 200-ի: Ցուցարարները դժգոհ են երկրի տնտեսական վիճակից, էլեկտրականության, մաքուր ջրի անբավարարությունից, ինչպես նաև կոռուպցիայից և իրանամետ շիա զինված խմբավորումների գործունեությունից: Ցույցերը հիմնականում ինքնաբուխ են, չկա առաջնորդ և կամ խոշոր քաղաքական ուժի հովանավորչություն։