Մատչելիության հղումներ

Քենյե Ուեսթը թողարկել է երաժշտական նոր ալբոմ, որը կոչվում է «Հիսուսը թագավոր է»


Վերջերս քրիստոնեություն ընդունած ամերիկացի հայտնի երաժիշտ Քենյե Ուեսթը թողարկել է երաժշտական նոր ալբոմ, որը կոչվում է "Jesus is King"՝ «Հիսուսը թագավոր է»:

Ներկայացնելով կրոնական թեմայով իր նոր երաժշտական ալբոմը՝ Ուեսթը պատմել է, որ Աստծո օգնությամբ կարողացել է հաղթահարել կախվածությունը սեքսից և պոռնոգրաֆիայից:

Ռեփերի կինը՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեք երեխաների հետ շաբաթներ առաջ մկրտվել է Հայաստանում՝ Հայ Առաքելական եկեղեցում: Քենյե Ուեսթը իր վերջին հարցազրույցում խոսել է նաև իր քաղաքական հավակնությունների մասին՝ հայտարարելով, որ «հավանաբար» կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

Առաջին անգամ նա այդ մասին խոսել է 2015 թվականին, այդ ժամանակ Ուեսթը համակրում էր Դեմոկրատական կուսակցությանը, սակայն վերջին տարիներին նրա քաղաքական նախասիրությունները փոխվել են, և այժմ աջակցում է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին: Քենյե Ուեսթն ու կինը վերջին շրջանում հաջողությամբ առաջ են մղում Քրեական օրենսգրքի բարեփոխումներ, որոնց աջակցում են Կոնգրեսի թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական ներկայացուցիչները:

Զույգի բարեխոսության շնորհիվ Թրամփը ներում էր շնորհել թմրանյութերի ու փողերի լվացման մեդադրանքներով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Մարի Ջոնսոնին, ով արդեն 20 տարի անցկացրել էր բանտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG