Մատչելիության հղումներ

«Քաղաքի բնորոշող անունը վարպետների քաղաքն է». այսօր նշվում է Վանաձորի օրը


Վանաձորի Հայքի հրապարակը
Վանաձորի Հայքի հրապարակը

Այսօր մեծ շուքով նշվում է Վանաձորի օրը։ Առավոտյան քաղաքապետարանում հյուրընկալվեցին բազմաթիվ հյուրեր, պատվավոր քաղաքացիներ, քաղաքի նախկին ղեկավարներ, Վանաձորի քույր քաղաքների ներկայացուցիչների Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր շնորհավորական խոսքում ասաց՝ ամեն ինչ կանեն, որ Վանաձորն առաջիկայում «իր քաղաքային դիմագծով մրցունակ դառնա մեր երազած որևէ քաղաքի հետ»։

«Թող որ Վանաձորը ոչ միայն օրացուցային տոներ ունենա նշելու, այլ ամեն օրը Վանաձորի թող յուրահատուկ տոն լինի յուրաքանչյուր վանաձորցու համար, ու ընդհանրապես սերունդների հերթափոխի մեջ ճիշտ եղանակով էդ դերերը բաշխելով մենք կարողանանք մեր քաղաքը հասցնել, չեմ ասի առավելագույնին, բայց գոնե կարողանանք էնպես անել, որ մեր քաղաքը իր ուրույն ոճով, ձեռագրով, մարդկային նկարագրով, քաղաքային նկարագրով կարողանա մրցունակ լինել մեր երազած որևէ քաղաքի հետ», - ասաց Ասլանյանը։

Խորհրդային տարիներին, երբ Վանաձորը Կիրովական էր, քաղաքը ղեկավարել է Հայկ Օհանյանը։ Այսօր նա ևս պատվավոր հյուրերի շարքում էր։

«Եվրոպացիները Լոռին համարում են Ասիայի Շվեյցարիա։ Մեր քաղաքը ժամանակի ընթացքում ունեցել է խորհրդանշական անուններ՝ քիմիայի քաղաք, ծաղկի քաղաք, երգի քաղաք, Լոռվա գեղեցկուհի։ Դուք արեցիք այնպես, որ իրոք Լոռվա գեղեցկուհի, մեր քաղաքի բնորոշող անունը վարպետների քաղաքն է», - ասաց Օհանյանը։

Այս տարի ավագանու որոշմամբ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում են ստացել գիտնական, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ Հրաչիկ Ղազարյանը, քանդակագործ Սերգեյ Դանիելյանը և ինժեներ-շինարար Հայկ Հովիվյանը։ Վերջինս, ով արդեն 30 տարի շինարարությամբ է զբաղվում և Լոռու մարզում շատ հայտնի կառույցներ են ստեղծվել նրա հիմնած «Կանակա» շինարարական կազմակերպության շնորհիվ, «Ազատությանն» ասաց՝ ակնհայտ է, որ վերաբերմունքը կառուցող, ստեղծող մարդու նկատմամբ փոխվել է։

«Վերջին մի քանի տարվա մեջ կարծես գործարար աշխարհը դուրս է մնացել բոլոր տեսակ դրական գնահատականներից և հատկապես շինարարությունը։ Ասեմ, որ սա գործարար աշխարհի գնահատականն է, սա Հայկ Հովիվյանի գնահատականը չէ միայն, և էն հռետորական հարցը, որ կար, որ «տղերք, բա ասում եք՝ բան չի փոխվել», հենց ստեղ ա, իսկապես բան է փոխվել», - ասաց Հովիվյանը։

Տոնակատարություններին մասնակցելու համար Վանաձոր է այցելել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր Վանաձորում վարչապետը շրջեց շինհրապարակներում, ծանոթացավ պետական և համայնքային համաֆինանսավորմամբ տեղի ունեցող աշխատանքների ընթացքին։ Այս պահին ավելի քան մեկ միլիարդ դրամի շինարարություն է իրականացվում։ Վերակառուցվում է քաղաքի պատկերասրահը, վերանորոգվում են քաղաքի մի շարք ճանապարհներ, նորացվում է կենտրոնական Հայքի հրապարակը։

Թեև շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց լուսաձայնային էֆեկտներով կառուցված շատրվանները պատրաստ են, և այսօր երեկոյան մեծ հանդիսավորությամբ տեղի կունենա դրանց բացումը։

Վանաձորում է նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Եվրամիության դեսպանն այսօր առավոտյան քննարկեցին մարզի զարգացման հեռանկարները։ Երկուսն էլ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին և նշեցին, որ առաջիկայում կքննարկեն կոնկրետ առաջարկներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG