Մատչելիության հղումներ

«Մի քանի օր առաջ էդ փոսերի երեսից վթար է եղել». Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածը գրեթե անանցանելի է դարձել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության պատճառով բեռնատարների հոսքը ամիսներ առաջ Երևան-Գյումրի ճանապարհից տեղափոխվեց Գյումրի-Արմավիր հատված, ու ծանրաքաշ մեքենաների երթևեկության հետևանքով Շիրակի մարզի մոտ 10 կմ ճանապարհահատվածը այժմ գրեթե անանցանելի է դարձել: Առավել վատ վիճակում է Հայկաձորից Ջրափի գյուղ տանող հատվածը, որտեղ փոսերը վարորդները մեծ դժվարությամբ են կարողանում շրջանցել: Դժգոհում են՝ մի փոսը շրջանցում, մյուսն են ընկնում:

«Անհնար է երթևեկել. շատ մեծ-մեծ փոսեր են։ Մի քանի օր առաջ էդ փոսերի երեսից Բագրավանի մոտ վթար է եղել, երկու ավտո փոսից փախցրել, խփել էին իրար», - ասաց վարորդներից մեկը։

Մոտ կես ժամվա ընթացքում արձանագրեցինք, որ Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածը բավականին ծանրաբեռնված է: Այդ ընթացքում տասնյակից ավելի բեռներ փոխադրող մեքենաներ անցան՝ փորձելով շրջանցել փոսերը:

Այս տարի պետական բյուջեից հատկացված շուրջ 2,5 մլրդ դրամով Շիրակի մարզում 36 կմ ճանապարհ է հիմնանորոգվել, բայց Գյումրի-Արմավիր ճանապարհի 10 կմ հատվածը այս տարի այլևս չի նորոգվի, իսկ փոսերն էլ չեն կարկատվի, քանի որ կարկատելու տեղ չկա: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասում է՝ փոսալցմամբ հարցը չի լուծվի, հիմնանորոգում է անհրաժեշտ:

«Այս հատվածը ֆունդամենտալ փոսալցումով չէր լուծվի, այս խնդիրը ուղղակիորեն ամբողջական վերակառուցման կարիք ունի, և այդ պատճառով մենք իրան որպես մարզի առաջնահերթություն ունեցող նաև ճանապարհային գոտիներից մեկը ներկայացրել ենք կառավարությանը և կսպասենք մոտակա հնարավորության դեպքում ֆինանսական՝ էս խնդրին անդրադառնալու։ Հիմնանորոգման մասին է խոսքը, որովհետև այդ հատվածում փոսային նորոգումները իրենք որևէ տեսակ խնդիր չեն լուծելու, ինքը փոսանորոգման ենթակա փողոց էլ չի, պարզապես պետք է անցանելիություն ապահովվի այս ընթացքում և հետո արդեն անցնենք հիմնանորոգմանը», - ասաց Պետրոսյանը։

Վարորդները փաստում են՝ փոսերի պատճառով նաև վթարներ են լինում: Այս ճանապարհով բացի բեռնատարներից նաև Արմավիրից մրգի վաճառքով զբաղվողներն են շատ հաճախ երթևեկում: Վերջիններս դժգոհում են, թե վթարների թիվը կավելանա հատկապես ձմռանը:

Շիրակի մարզպետն ասում է՝ ճանապարհի այդ հատվածում կփորձեն ժամանակավոր լուծում գտնել, մինչև գարնանը կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները:

«Այս ընթացքում նաև որոշակի աշխատանքներ՝ ժամանակավոր լուծման, կիրականացնենք, բայց էն աշխատանքները, որոնք պետք են էդ հատվածը բերելու իրապես անցանելիության շեմին, այդ աշխատանքները միանշանակ արդեն գարնանը նոր հնարավոր կլինի իրականացնել, որովհետև էնտեղ ամբողջական շերտերի վերանորոգման խնդիր ունենք», - նշեց Տիգրան Պետրոսյանը։

Արմավիր-Գյումրի ճանապարհի զգալի մասը հիմնանորոգվել է տարիներ առաջ «Լինսի» հիմնադրամի միջոցներով, սակայն այս 10 կիլոմետրանոց հատվածն ընդգրկված չի եղել: Հիմնանորոգված ճանապարհը 11 տարի անց կրկին նորոգման կարիք ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG