Մատչելիության հղումներ

«Աղբը շատ է, բայց խնդիրը կլուծվի». երիտասարդները համախմբվել են Վանաձորը աղբից մաքրելու նախաձեռնության շուրջ


Աղբը Վանաձորի շենքերից մեկի մուտքի մոտ, արխիվ

25-ամյա Սերոբ Խաչատրյանը 20 տարի Ռուսաստանում ապրելուց հետո մեկ ամիս առաջ տեղափոխվել է ծննդավայր՝ Վանաձոր։ Մասնագիտությամբ ատամնաբույժ երիտասարդն արդեն աշխատանք է գտել, որոշել է՝ այլևս ետ չի գնա, բայց քաղաքի կեղտոտ փողոցների հետ անհաշտ է։

Սերոբը 15 օր առաջ դուրս է եկել քաղաքի փողոցներն անձամբ մաքրելու։ Ֆեյսբուքի իր կոչին արձագանքել են մի խումբ երիտասարդներ ու ամեն օր քաղաքի տարբեր փողոցներից ու այգիներից հավաքում են պլաստիկե շշեր, տոպրակներ ու թղթեր։

«Ապրելու եմ, փոխելու եմ, ես չեմ ուզում, որ իմ քաղաքը այս վիճակում լինի, ու պետք է ամեն ինչ անեմ, պայքարեմ, որ ինձ ստեղ հաճելի լինի ապրելը», - նշեց Սերոբ Խաչատրյանը։

Վանաձորն աղբից մաքրելու նախաձեռնության շուրջ հավաքված երիտասարդները հիմնականում Ռուսաստանից հայրենիք վերադարձածներ են, ովքեր Վանաձորում են ծանոթացել։ Մասնագիտությամբ մանկավարժ Տաթևիկը 12 տարի օտարության մեջ ապրելուց հետո փորձում է Վանաձորում աշխատանք գտնել։

«Այնտեղ թողել եմ բավականին բարձր վարձատրությամբ աշխատանքս, բայց քանի որ սիրում ենք հայրենիքը, վերադարձել ենք ու փորձում ենք մեր ինչ-որ փոքր ներդրումով ավելի լավը սարքենք մեր երկիրը», - ասաց Տաթևիկը։

Իրավաբան Արամ Ունանյանն ընկերների նախաձեռնությանը միացել է Մոսկվայից։

«Տեսա, որ իմ ընկերները շատ հետաքրքիր նախաձեռնություն են մտածել, որոշեցի միանգամից տոմս գնել և գալ Հայաստան, իրանց միանալ, մի քանի ժամվա ընթացքում արդեն ստեղ իրանց հետ հավաքում էի։ Երկրորդ օրվանից իրանց հետ եմ ու ես մեծ հույս ունեմ, որ մի քանի ամիս հետո սաղ Հայաստանը կմիանա մեզ, և մենք Հայաստանը մաքուր կպահենք», - ընդգծեց Արամ Ունանյանը։

Մենեջերի հմտություններով մեկ տարի առաջ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Արթուր Մաղաքյանն առաջիններից է արձագանքել Վանաձորն աղբից ազատելու Սերոբի կոչին։ Ինքն ու իր բազմաթիվ ընկերներ արդեն տեղափոխվել և ապրում են Հայաստանում։ Ասում է՝ շուտով նաև ընտանիքի անդամները կվերադառնան։

«Մարդիկ են այս գեղատեսիլ ու հրաշալի քաղաքը կեղտոտել։ Մեր նպատակն է անել այնպես, որ պարզապես չաղտոտեն», - ասում է Արթուրն ու ափսոսանք հայտնում, որ շատերն իրենց նախաձեռնությունը գովաբանում են, հիացմունք արտահայտում Ֆեյսբուքում, բայց քչերն են միանում իրենց։

«Ապրե՛ք, կեցցե՛ք» արձագանքն ինձ չի գոհացնում, քանի դեռ Վանաձորի փողոցներում աղբ թափելն ամոթալի չէ։ Առայժմ չենք հասնում վերջնական արդյունքի, քանի դեռ Հայաստանում ամոթ չէ գետնին գցել ծխախոտի մնացորդը։ Երբ մի մարդ գցում է այդ մնացորդը, հինգ հոգի մոտենան ու ամոթանք տան, այդ ժամանակ միայն գոհ կլինեմ», - նշեց Մաղաքյանը։

Գարիկ Խումարյանն արդեն մեկ տարի է Ռուսաստանից տեղափոխվել և ապրում է Վանաձորում։ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը հանգիստ ու հարմար համարող երիտասարդն ասում է՝ նորովի մոտեցումներ են պետք մարդկանց մտածելակերպը փոխելու համար։

«Աղբը շատ է, բայց էդ խնդիրը կլուծվի, մենք կնպաստենք էդ խնդրի լուծմանը, մենք ասելով՝ բոլոր հայ ժողովուրդը», - ասաց Գարիկ Խումարյանը։

Երիտասարդները մաքրում էին Վանաձորի Երկաթուղայինների այգին, որը գրեթե ամբողջությամբ վարձակալությամբ հանձնված է նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց։ Համարելով, որ վարձակալների պարտավորությունն է նաև մաքուր պահել իրենց տրամադրված տարածքը, երիտասարդները պարկերը ձեռքներին մտնում էին նաև այդ հատվածներ։

Ամեն օր տարբեր երիտասարդներ են միանում նախաձեռնությանը՝ ուսանողներից մինչև ավագանու անդամներ ու պաշտոնյաներ։ Վանաձորցի Դավիթ Այվազյանն ասում է՝ սիրով միացել է ու ընկերներին ևս կոչ արել միանալ։

«Մեր հիմնական նպատակը ոչ թե բուն մաքրելն է, այլ էս մշակույթը մտցնել մարդկանց մեջ, ժողովրդի մեջ, որ թափելը վատ է, այսինքն՝ մաքրելն էլ ամոթ չի», - նշեց Այվազյանը։

Վանաձորցի ակտիվիստ Հակոբ Միկոյանը նախաձեռնությանը միացել է առաջին իսկ օրից։ Հուսով է, որ իրենց օրինակը վարակիչ է լինելու մեծ թվով երիտասարդների համար. - «Առաջին օրը մենք 5-6 հոգով էինք, հետո մեզ միացան ավելի շատ մարդիկ։ 13-րդ օրը մեր մոտ ամենաշատ մարդը հավաքվեց՝ 15 հոգի, ես մտածում էի, որ առայժմ էլ դրանից շատ չի լինի, բայց այսօր արդեն 20 հոգուց ավել մարդ է հավաքվել։ Ամսի 25-ին մեզ միանալու է ծնունդով Վանաձորից մի կին, ով երկու շաբաթով գալիս է Հայաստան մեր ակցիային մասնակցելու համար»։

Հոկտեմբերի 26-ին մեծ շուքով նշվելու է Վանաձորի տոնը։ Երիտասարդները նախատեսում են մինչև այդ օրը մաքրել նաև Վանաձորի միջով հոսող Տանձուտ գետի ափամերձ տարածքները։ Ակտիվիստներն իրենց հավաքած աղբը պարկերով կուտակում են, քաղաքապետարանն ստանձնում է դրանք տեղափոխելու գործը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG