Մատչելիության հղումներ

Թուրքիան մեզ բոլորիս շատ վատ վիճակի մեջ է գցել. Պենտագոնի ղեկավար


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, 24-ը հոկտեմբերի, 2019թ.
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, 24-ը հոկտեմբերի, 2019թ.

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը: Սա առաջին հավաքն է Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողություններից, ռուս-թուրքական բարձր մակարդակով կայացած համաձայնությունից հետո ու բրյուսելյան հանդիպման մեկնարկից առաջ Թուրքիան քննադատվում է դաշինքի անդամ մի շարք երկրների կողմից:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը անթույլատրելի է համարել թուրքական բանակի ներխուժումը Սիրիա: «Թուրքիան մեզ բոլորիս շատ վատ վիճակի մեջ է գցել», - ասել է նա: Պենտագոնի ղեկավարի խոսքերով՝ Անկարան շարժվում է սխալ ուղղությամբ: «Մենք տեսնում ենք, որ նրանք ավելի մոտ են պտտվում ռուսական ուղեծրին, քան արևմուտքի ուղեծրին, և ես կարծում եմ՝ դա ցավալի է: ՆԱՏՕ-ի դաշնակիցները հիմա պետք է միասին աշխատեն ամրապնդելու համար գործընկերությունը Թուրքիայի հետ և այնպես անել, որ նրանք լինեն ուժեղ, հուսալի և պատասխանատու դաշնակից՝ ինչպես նախկինում»:

Մարկ Էսպերը մասնակցել է այսօր Բրյուսելում գերմանական «Մարշալ» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը և այս մասին նա խոսել է իր ելույթում ու հարցերի պատասխաններում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ դաշինքի անդամների շարքում տարբեր դիրքորոշումներ կան Սիրիայում Թուրքիայի գործողության վերաբերյալ, և ինքը նույնպես խորը մտահոգություն է հայտնել: «Դա նաև այս հանդիպման պատճառներից մեկն է, որը կարծում եմ կարևոր է, որովհետև տարաձայնությունները լուծելու ամենալավ ճանապարհը միասին սեղանի շուրջ նստելն է, քննարկել ու փորձել գտնել առաջ շարժվելու ուղին»:

Նա նաև նշել է, որ Սիրիայում վերջին զարգացումները ցույց են տալիս քաղաքական լուծումը անհապաղ գտնելու անհրաժեշտությունը: Ստոլտենբերգը ողջունել է բռնությունների ու բախումների նվազումը, որը ըստ նրա, հաջորդեց անցած շաբաթ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը, իսկ Անկարայի ու Մոսկվայի համաձայնության մասին նա ասել է, թե դեռ վաղ է գնահատելու դրա հետևանքները:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները երկօրյա հանդիպմանը նաև քննարկելու են Հյուսիսատլանտյան դաշինքի հանձնառությունը Աֆղանստանի և Ուկրաինայի հարցերին, հիբրիդային սպառնալիքները, ինչպիսին է G-5 հեռահաղորդակցության ծածկույթի անվտանգության ապահովումը և արագ արձագանքման ուժերի հնարավորությունները բարձրացնելու հարցերը:

Նախարարների հանդիպումը նաև հող է նախապատրաստելու ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթաժողովի համար, որը Լոնդոնում անցկացվելու է գալիք դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG