«Ես հավատում եմ, որ հրադադարը մշտական կլինի»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում տևական հրադադար է հաստատվում:
Անկարան տեղեկացրել է, որ դադարեցնում է ռազմական գործողությունը: Թրամփը նշել է, որ «տևական հրադադար» եզրույթն այդ տարածաշրջանում, իհարկե, կարելի է հարցականի տակ դնել:
«Բայց ես հավատում եմ, որ դա մշտական կլինի, ուստի, ես կարգադրել եմ Ֆինանսների նախարարությանը չեղարկել պատժամիջոցները, որոնք մենք Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 14-ին սահմանել ենք ի պատասխան քրդերի դեմ Սիրիայի հուսիս-արևելյան շրջանում նախաձեռնած օպերացիայի», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը ողջունել է այլ ուժերի միջամտությունը Սիրիայի խնդրին՝ նշելով, թե չի ուզում, որ բազմաթիվ հակամարտություններով այդ տարածաշրջանում ամերիկացի զինվորներ զոհվեն:
«Ուրիշներն են եկել օգնելու, մենք դա ողջունում ենք, այլ երկրներ են առաջ գալիս, ուզում են օգնել, և դա շատ լավ է, տարածաշրջանի պետությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն և օգնեն Սիրիային ու Թուրքիային հսկել իրենց սահմանը: Մենք ուզում ենք, որ ուրիշները միջամտեն», - ասել է Թրամփը:
Նախագահ Թրամփը հույս է հայտնել, որ հրադադարը թույլ կտա կանխել տարածաշրջանի քրդերի նոր տառապանքները:
«Մենք ամենահզոր տնտեսական գերտերությունն ենք»
Նա հավատում է, որ թուրքերը հարգելու են հրադադարի հարցով ստանձնած պարտավորությունները:
«Եթե Անկարան ուրանա պարտավորությունները, այդ թվում կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, թեպետ անկեղծ հավատում եմ, որ չի ուրանա, մենք մեզ վերապահել ենք ավերիչ պատժամիջոցները վերականգնելու, այդ թվում ներկրվող պողպատի և Թուրքիայից այլ ապրանքի սակագները բարձրացնելու իրավունք: Մենք հիմա ամենահզոր տնտեսական գերտերությունն ենք և, ինչը շատ կարևոր է՝ այլոց համեմատությամբ անգերազանցելի», - ասել է ԱՄՆ նախագահը:
«Թուրքիան բոլորիս ահավոր վիճակի մեջ է դրել»
Ի դեպ, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին Թրամփի հայտարարությանը հաջորդել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի մեկնաբանությունն այն մասին, որ ներխուժելով Սիրիա, Թուրքիան սարսափելի վիճակ է ստեղծել, ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հայտնվել են խիստ անհարմար կացության մեջ:
Էսպերը Թուրքիային կոչ է արել վերականգնել «հուսալի դաշնակցի գործելակերպը»:
Անկարան համաձայնել է երկարաձգել հրադադարը հոկտեմբերի 23-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի մոտ 7 ժամ տևած բանակցություններից հետո:
Արդյունքում հզորանում է ռուսների դիրքը Մերձավոր Արևելքում
Անկարայում և Մոսկվայում այդ համաձայնությունը համարում են խոշոր դիվանագիտական նվաճում, մինչդեռ, Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում մտահոգությամբ նշում են, որ դուրս հանելով փոքրաթիվ զինուժը Սիրիայի հյուսիսից՝ Թրամփը դավաճանել է «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից քրդերին, զիջել է դիրքերն ու Պուտինին ընձեռել աշխարհքաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում հզորացնելու հնարավորություն: