Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հաղորդում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք բացահայտելու մասին:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևանի բնակիչը Իրանի տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3,010 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Հոկտեմբերի 20-ին նա, նշված թմրամիջոցը թաքցնելով հագուստի տակ, կպչուն ժապավենով ամրացնելով որովայնի և սրունքի վրա, տեղափոխել է Հայաստան, սակայն «Մեղրի» մաքսային կետում ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում բռնվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Կատարվում է նախաքննություն, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում: