Մատչելիության հղումներ

Մեկ տարվա ընթացքում մարգահովիտցի գործարարը 300 հազար դոլարի ներդրում է արել


15 տարվա ֆերմեր Արթուր Բեկչյանը վերջին մեկ տարում անճանաչելիորեն նորացրել է ֆերման ու քառապատկել եկամուտները։ Մեկ տարվա ընթացքում մարգահովիտցի գործարարը 300 հազար դոլարի ներդրում է արել։

Վերացրել է իր ունեցած 80 գլուխ անասունն ու հոլանդական հատուկ ցեղատեսակի կովեր ձեռք բերել՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն 300 հազար դրամ արժեքով։ Անասնագոմն իդեալական մաքուր է, ամեն ինչ՝ ավտոմատացված։ Արթուր Բեկչյանն ասում է՝ ընդամենը մեկ աշխատողը գլուխ է բերում իր 100 կովերին խնամելու գործը։

«Ստեղ մենք արդեն պատվիրել ենք կերաբաժանիչ է գալու, որը որ մի հատ անցնելով մի օրվա լրիվ կերաբաժինը բաժանելու է երկու կողմի կենդանուն՝ 100 գլուխ կենդանու։ Դա ընդամենը տևելու է 15-20 րոպե։ Ինքը կերը լրիվ ուրիշ ձև է մատուցում կենդանուն՝ աղացած վիճակում, որը իրա օրգանիզմը դրա հենց պահանջն ունի, էներգիա չի ծախսելու շատ ծամելու կամ մյուսի վրա», - նշեց Բեկչյանը։

Ֆերմերը հաշվարկել է՝ մեծ ներդրումները մեծացրել են նաև եկամուտները։ Նախկինում, տեղական ցեղատեսակի մեկ կովից տարեկան ստացել է 1500 լիտր կաթ։ Հոլանդական կաթնատու ցեղատեսակի կովերն անցած մեկ տարում չորս անգամ ավելի շատ են կթվել։ Արթուր Բեկչյանը համոզված է, որ կարճ ժամանակում ետ կբերի իր ծախսերը։

«Եթե ուրիշը, որ ասում է՝ «չեմ կարա», ինքը երեք տարվա մեջ է ստանում նույն արդյունքը, մենք մի տարվա մեջ», - ասաց ֆերմերը։

Արդեն ունի կաթի իր մշտական գնորդը։ «Սպայկա» ընկերության պանրի գործարանի կաթի գնումների համակարգող Արտավազդ Ստեփանյանն ասում է՝ մարգահովիտցի ֆերմերի արտադրած կաթն ամբողջությամբ մթերում են։

«Բեկչյան Արթուրը մեզ վաճառել է մայիս, հունիս, հուլիս ամիսներին օրական մինչև 1400-1600 լիտր կաթ», - նշեց Ստեփանյանը։

Այսօր Մարգահովիտում ֆերմայի հանդիսավոր բացմանը մասնակցում էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նա շեշտեց, որ ֆերման ինչպես Մարգահովիտի, այնպես էլ շրջակա չորս գյուղերի համար կարող է ստեղծել պայմաններ, որ «ֆերմերները մասնակցություն ունենալով կաթի իրացմանը, կարող են հասնել նրան, որ կաթի մինիմալ գինը լինի 200 դրամ»։

Ինչպես Մարգահովիտում, այնպես էլ Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերում անասնագոմերն առաջատար դարձնելու գործում օժանդակել է Ռազմավարական զարգացման գործակալությունը՝ ավստիական և շվեյցարիական կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Միջազգային կազմակերպություններն ընտրված ֆերմերներին հատկացրել են անհրաժեշտ գումարի մոտ 30 տոկոսն ու օգնել գիտելիքներ ձեռք բերել՝ ավելի արդյունավետ մեթոդներով անասնապահությամբ զբաղվելու և քիչ աշխատանքով շատ եկամուտ ստանալու վերաբերյալ։

Ծրագիրը ֆինանսավորող կազմակերպություններից մեկի՝ Ավստրիական զարգացման գործակալության փոխտնօրեն Նորա Ալանակյանն ասում է՝ կովից լավ եկամուտ կստացվի ճիշտ կերակրելու և խնամելու, ինչպես նաև որակյալ անասնաբուժության դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG