Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Պլանավորում ենք մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել


Մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքները, ըստ կառավարության ծրագրի, պետք է կրկնապատկվեն:

Պաշտոնական տվյալների համաձայն, այժմ անտառածածկ է երկրի շուրջ 11 տոկոսը, չնայած այս հաշվարկն արվել է 90-ականներին։

2020-ի հոկտեմբերին մեկնարկում է 10 միլիոն ծառ տնկելու նախագիծը: Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ, այն լինելու է իրենց ռազմավարական ծրագրի իրագործման առաջին նշանակալի քայլը։

Վարչապետն այսօր մասնակցում էր «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին:

Փաշինյանն իր ելույթի ընթացքում ընգդծեց, որ ավելի քան 400 միլիոն դրամ են տրամադրել անտառավերականգման գործընթացն արդեն այս տարի սկսելու համար․ - «Այդ առումով մենք պլանավորում ենք 140 հեկտարի վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել»:

Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք էականորեն խստացրել են պատժամիջոցներն ապօրինի անտառահատումների համար։ Ըստ վարչապետի, այս փոփոխություններն ու ծրագրերն աննախադեպ են ու ցույց են տալիս իշխանությունների քաղաքական կամքը անտառների վերականգնման և անտառածածկ տարածքների ընդլայնման հարցում։

Այդուհանդերձ, ինչպես արձանագրում է Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, այս պահին բավարար քանակի տնկի չկա․ Հայաստանում կա ընդամենը երկու միլիոն որակյալ տնկի, մնացածը ներկրվելու է:

Ըստ փոխնախարարի, տնկիների քանակի պակասը ցույց է տալիս, որ տնկարանային տնտեսությունները նույնպես զարգանալու կարիք ունեն․ - «Մենք պետք է ունենանք ժամանակային տեխնոլոգիաներով տնկարանային տնտեսություններ, որովհետև 4-5 տարի հետո անտառածածկի կրկնապատկման համար մենք արդեն պետք է սկսենք տարեկան մինչև 30 մլն տնկի տնկել»:

Մելիքյանի խոսքով, կարևոր է ոչ միայն անտառների քանակն այլև որակը: Նա օրինակ բերեց․ - «Եթե ունեինք 100-120 տարեկան կաղնիներ, հաճար և այլն, իսկ այսօր ունենք 20 անգամ ավելի շատ 5 տարեկան նույն ծառերից, անհամեմատելի է: Նախկինում շատ ավելի արժեքավոր էր: Որովհետև անտառը միայն ծառերը չեն, անտառը էկոհամակարգ է, որ ծառայություն է մատուցում: Մասնավորապես մեր դեպքում շատ կարևոր է դրանց պաշտպանության գործառույթը»:

«Անտառների քանակը ոչ թե պետք է կրկնապատկվի, այլ ըստ էության՝ եռապատկվի: Պաշտոնական հաշվարկն արվել է 90-ականներին, ինչից հետո մեծ քանակությամբ ծառահատումներ են եղել», - ասում է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ շարունակելով․ - «Միջազգային կազմակերպությունների նախանցյալ տարվա տվյալներով, 6,8 տոկոս է կազմում: Դա ավելի ռեալ թիվ է, քան 11,2 տոկոսը»:

Վարդանյանն այս ծրագրի իրականուցումը իրատեսական չի համարում՝ ասելով, թե անտառային ֆոնդում այդքան հող չկա․ - «Բացի անտառային ֆոնդի հողերից, պետք է ներգրավել նաև և՛ համայնքային հողերը, և՛ մասնավորին ինչ-որ արտոնություններ տալ, որ իրենք իրենց գյուղատնտեսական նպատակներով չօգտագործվող հողերի վրա անտառ հիմնեն: Ինչ-որ մի բան պիտի արվի, որպեսզի հասնենք 2050 թվականին 20,1 տոկոսի, որը այդքան ռեալ թիվ չի, բայց պետք է դրան գնալ:Գոնե հասնենք 11,2 տոկոսի»:

Բնապահպանը շեշտում է, որ միայն ծառ տնկելը բավարար չէ, տնկիները երեխայի նման խնամքի կարիք ունեն, այդ ուղղությամբ մշտական աշխատանք պետք է տարվի։

Համաժողովին մասնակցում էր նաև ամերիկյան Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկանի պաշտոնակատար, պրոֆեսոր Էնթընի Դեյվիսը: Նա ընդգծեց, որ այն, թե ինչպիսին կլինեն Հայաստանի անտառները 30 տարուց, կորոշեն հիմա արվող քայլերը:

Պրոֆեսորի պնդմամբ, հենց հիմա պետք է գործել, հետո կարող է արդեն ուշ լինել․ - «Պետք է հասկականք, թե ինչ ենք ուզում: Տնկված անտառներ տեսել ենք, բայց դրանք տարբերվում են բնական անտառներից: Նախ և առաջ պետք է պահպանենք բնական անտառները»:

Մասնագետի գնահատմամբ, ճիշտ քայլեր անելու հիմքը Հայաստանում կա, գիտական և տեխնիկական կարողություններն առկա են։

Ինչ վերաբերվում է անտառների խնդրին համաշխարհային մակարդակով, Դեյվիսն ահազանգում է՝ 1990 թվականից ի վեր 129 միլիոն հեկտար անտառ՝ գրեթե 1,3 միլիոն քառակուսի կիլոմետր, անհետացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG