Մատչելիության հղումներ

Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամում հայտնաբերված խախտումների փաստով հարուցվել է քրեական գործ


«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի շուրջ ծավալվող իրադարձությունները նոր ընթացք են ստացնում:

Անցած ամիս Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել էր այս պետական հիմնադրամում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, և ըստ այդմ, 2013-ին հիմնված հիմնադրամը ավելի քան 3 միլիարդ դրամի խախտումներ է թույլ տվել։

ՊՎԾ փաստաթղթերը հասել են Պետական շահերի պաշտպանության վարչություն, այնտեղ դրանք ևս ուսումնասիրվել են, այսօր էլ Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ քրգործ է հարուցվել միանգամից երեք հոդվածներով՝ յուրացնելու կամ վատնելու, լիազորությունների չարաշահման և փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։

2013-ից ի վեր Սևանում էնդեմիկ իշխանի վերականգնման համար պետությունը ծախսել է ոչ ավել ոչ պակաս 9 միլիարդ դրամ, սակայն այժմ մասնագետների գնահատմամբ լճում իշխան գրեթե չկա։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է՝ 9 միլիարդի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով։

Քիչ մանրաձուկ է լիճ լցվել, միլիոնների արժողությամբ խոշոր գնում է եղել, որի դիմաց ապրանքը դեռ չեն ստացել, 700 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվել մի վերամշակման գործարանի կառուցման վրա, որը ավարտին չի հասցվել և որևէ նպատակով չի օգտագործվել:

Այս տարվա ապրիլից հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Վարդան Մամիկոնյանն ընդունում է, որ բացթողումներ են եղել, ասում է՝ յուրացումների ու վատնումների մասին կասկածները տրամաբանական են, սակայն «կոնկրետ փաստեր, համոզիչ փաստեր, որ յուրացումներ են եղել ինձ դեռ չեն հանդիպել»:


2017-ին վնասվել են ցանցավանդակները, մանրաձկները դուրս են թափվել լիճ, ինչը հանգեցրել է 425 միլիոն դրամի կորստի: Ըստ հիմնադրամի, ձմռան ամիսներին Սևանը սառել է, քամու հետևանքով սառցաշերտերը տեղաշարժվում ու վնասել են ցանցավանդակները: Քրգործի հարուցման մասին հայտարարությունում նշված է, թե այս մասով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել:

Վարդան Մամիկոնյանն արձագանքում է․ - «Հույս ենք ունեցել, որ չի սառի: Ոնց որ թե էս վերջին տարիները էդքան հաճախ չի սառում: [Մտածեցինք] Փորձնական հիմա սա անենք, հետո տեսնենք ինչ ա լինում: Թարսի պես հենց առաջին տարին շատ ուժեղ սառեց: Ի սկզբանե եթե ամեն ինչ ավելի ճիշտ արվեր, միգուցե հնարավոր կլիներ խուսափել նման կորուստներից: Օրինակ, կան սուզվող սուզվող ցանցեր, ցանցավանդակային տնտեսություններ»:

Հիմնադրամի գործադիր տնօրենը մեկնաբանում է Ուկրաինիայից այդպես էլ Հայաստըան չհասած գնման՝ ընդհանուր առմամբ շուրջ մեկ միլիոն դոլար արժեցած կատամարանի պատմությունը․ - «Առաջին հերթին, պատվիրվել է այդ կատամարանը մինչև այդ սառելու դեպքը: Երբ որ սառեց, ասին՝ մի բան պետք ա մտածենք էդ ուղղությամբ, և որոշեցին կատամարանի պարամետրերը փոխել, որպիսզի 20 սամիմետրանոց, եթե չեմ սխալվում, սառույցը կարողանա կոտրել: Երկրորդ խնդիրը․ երբ որ արդեն կատամարանը պատրաստ էր նոր չափանիշներով և պետք է ներկրվեր․․․ մեկ այլ կազմակերպությունից գնվել ա ինչ-որ մի դետալ, կատամարանի վրա տեղադրվել ա, և արտահանման փաստաթղթերի հետ կապված ինչ-որ խնդիր կար»:

Կատամարանի պատմությունն այսքանով չի ավարտվում․ - «Էդ ընթացքում հերթական արտառոց երևույթը: Ղրիմում ինչ-որ նավեր էին մտել, ռազմական վիճակ էր Ուկրաինայում և Ռուսաստանում, և մեր կատամարանը հայտնվել էր էն գոտում, որտեղ չպետք ա լիներ»:

Սա դեռ ամենը չէ, հետո էլ որոշել են, թե միլիոն դոլար արժեցած կատամարանն իրենց այդքան էլ պետք չէ, քանի որ արտադրությունը փոքրածավալ է լինելու: Հիմա քննարկում են այն վերավաճառելու տարբերակը։

Կարճաղբյուրում պիտի ձկան վերամշակման գործարան կառուցվեր, դրա համար ծախսվել է ավելի քան 700 մլն դրամ: Սակայն շինարարությունն ավարտին չեն հասցրել ու այն որևէ նպատակով չի օգտագործվել։

Վարդան Մամիկոնյանը սրան էլ պատճառաբանություն ունի․ ըստ ծրագրի, հիմնադրամի գործունեության արդյուքնում պիտի գումար ձևավորվեր, որից 6 միլիարդն պետք է ուղղվեր կրկին հիմնադիրամին:

Ըստ Մամիկոնյանի, այդ պատճառով ֆինասները չեն բավականեցրել․ - «Բայց մեզ մոտ կան բազմաթիվ կիսատ մնացած հատվածներ, որոնք չեն օգտագործվում, նաև այդ շենքը: Ստացվում է, որ մենք միլիարդից ավել ներդրում ենք արել ու չենք օգտագործում այդ շենքը»:

Հիմնադրամի գործադիր տնօրենն ընդգծում է, թե ինքը հավատում է, որ այս ամենում յուրացում կամ վատնում չի եղել, ազնիվ են աշխատել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG