Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով


Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ Մարտի 1-ի գործով: Լրագրողների հետ զրույցում փոխանցեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, մանրամասնելով, որ իրենց տեղեկություններով Կոստանյանը հիմա գտնվում է Ռուսաստանում։

«Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն», - ասաց Խաչատրյանը։

Լրագրողների հարցին, թե այդ գործով զարգացումներ սպասվո՞ւմ են, ՀՔԾ պետը պատասխանեց. «Եկեք ապագային ուղղված ոչինչ չասեմ»։

Սեպտեմբերին ՀՔԾ-ն հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ծավալուն հաղորդագրության մեջ, սակայն, ավելի հաճախ հանդիպում ենք ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ազգանվանը:

Ըստ նախաքննական մարմնի, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը այցելել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

Գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ Գևորգ Կոստանյանը կարո՞ղ է նախքննական մարմնին ասել այնպիսի բան, որը կփոխի իր կարգավիճակը։

«Չգիտեմ, թող պարոն Կոստանյանը ինքը գա, իր ցուցմունքը տա, բայց ես ամեն դեպքում տենց բան չեմ հիշում, միաժամանակ չեմ բացառում, հնարավոր էր, որովհետև այդ ժամանակ եվրոպական կառույցներից մշտապես հարցումներ էին անում՝ հնարավոր է պարոն Կոստանյանն էլ դրել է էդ թուղթը, որի հետ կապված հարցումներին պիտի պատասխանվեր, ես չգիտեմ, հիմա ես ուղղակի չեմ հիշում, բայց դա իմ համար էական նշանակություն չունի, բայց որպես հանձնարարական, որ էս հարցը, էն հարցը, էսի սենց, դա բացառում եմ», - պատասխանեց Սարգսյանը։

«Ազատության» այն հարցին էլ, այսինքն հետին թվով ինչ-որ տեղեկանք ստորագրելո՞ւ, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ես դա բացառում եմ, ինչը վերաբերում է կեղծիքներին, կոծկման հանցագործության և այլն»։

Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը այս գործով դեռևս չի հարցաքննվել: Ասաց հույս ունի գոնե հարցաքննությունից հետո իր համար պարզ կլինի, թե որտեղից է նախաքննական մարմնի մոտ առաջացել նման վարկած: Պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք նման ցուցմունք են տվել:

«Իմ տեսակով ես հանցագործություն կոծկող չէի կարա լինեի, դա բացառված է, բազմաթիվ փաստաթղթեր են եղել, որոնք ես ինչ-ոչ հիմքերը նայելով պատասխանել եմ փաստագրող խմբին, եվրոպական կառույցներին, բայց եղած հիմքերի վրա ես որևիցե բան չեմ փոխել», - նշեց Ալիկ Սարգսյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն մարտի 1-ի առավոտյան իրականացված գործողությունները ամբողջությամբ օրինական են եղել, Սարգսյնանը պատասխանեց. «Ես դրա մասին չեմ խոսում, ես մարտի 1-ին եղել եմ Արտաշատում, մարզպետ եմ եղել ես, ես սկի Երևանում էլ չեմ եղել, ես եղել եմ երեք ամիս հետո՝ հունիսի 1-ին եմ նշանակվել։ Իմ օրորք որևիցե փաստաթուղթ չի կեղծվել, մանավանդ իմ ձեռքով, ես որ հանձնարարեմ, էդպիսի բան չի եղել»։

Ըստ նախաքննական մարմնի հաղորդագրության, Ալիկ Սարգսյանը հենց Գևորգ Կոստանյանի և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ է խորհրդակցություն հրավիրել, որի ընթացքում էլ Կոստանյանն ու Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Այնուհետև Կոստանյանն ու Մհերյանը պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել հանձնարարությունները կատարելուն: Ալիկ Սարգսյանը, սակայն, ոչ Կոստանյանի, ոչ էլ Մհերյանի մասնակցությամբ խորհրդակցություն չի հիշում:

«Չեմ հիշում՝ Գևորգ Մհերյանն ինչ կապ կարար ունենար էս գործի հետ կամ ուղղորդելու հետ, չեմ հիշում, ես ինձ չեմ ուզում հիմա թերագնահատեմ ու վիրավորեմ, որ ինչ-որ մեկը կարար ինձ ուղղորդեր ինչ-որ բան, դա բացառվում է», - ասաց Սարգսյանը։

Գևորգ Կոստանայնի հետ ողջ օրվա ընթացքում կապ հաստատել մեզ չհաջողվեց: Բայց երեկ նա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող գործընթացների վերաբերյալ հարցազրույց էր տվել, սակայն դրանում որևէ անդրադարձ չկար իրեն առնչվող ՀՔԾ հաղորդագրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG