Մատչելիության հղումներ

Որոշ բնակիչներ հրաժարվում են լքել վթարային շենքը


Արխիվային լուսանկար

Արցախի 10 հասցեն համառորեն չի ջնջվում վերաբնակեցման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկից:

Շենքը փլուզման եզրին է, քաղաքապետարանն այստեղից վերաբնակեցրել ու նոր բնակարաններ է տեղափոխել 66 ընտանիքների, բայց կան համառողներ:

«Շենքում մնացել է 14 ընտանիքի խնդիր, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն համաձայնել մեր պայմաններին և որոշել են մնալ շենքում», - ասում է քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի պաշտոնակատար Վահան Խաչատրյանը:

Խաչատրյանը շենքում մնացածներին և նրանց պահանջներն անգիր գիտի․ «Բոլորին ծանուցել ենք, բոլորին առաջարկել ենք տեղափոխվել անվտանգ վայր: Գրավոր կա, մենք բոլորին ծանուցել ենք: Դա մեր համար արդեն հիմք է: Ժողովներ են եղել, բազմաթիվ ժողովներ․ բոլորին առաջարկվել է տեղափոխվել՝ մինչև իրենց բնակարանի կառուցվածքի լուծումը: Բայց ինչ-ինչ պատճառներով իրենք մնացել են շենքում»:

Բաղդասարյանների 12 հոգանոց ընտանիքը մերժել է քաղաքապետարանի առաջարկը՝ խոնավ ու զանազան կրծողներով լի տարածքից տեղափոխվել երկու մեկսենյականոց բնակարաններ։ Անահիտ Բաղդասարյանն ասում է, որ որդին իրենցից առանձնացել է, և 9 քառակուսի մետրանոց սենյակը բնակարան է դարձել նրա ու իր 4 երեխաների համար: Ուրեմն, նրան պետք է մեկ սենյակ, իրենց՝ երկու․ - «30 քառակուսիին հասնում ա երկու սենյակ, 36 քառակուսիին մի՞թե չի հասնում երկու սենյակ»:

Նա պնդում է, որ տունը չեն կիսել հետագայում ավելի շատ քառակուսիներ ստանալու համար․ - «Մենք չենք առանձնացրել, որպեսզի բնակարան ստանանք: Ուղղակի առանձնացրել ենք, որ իրանք բնակվեն: Իրանք առանձին ընտանիք են, օգտվում են սոցիալական նպաստից»:

Քաղաքապետարանից պարզաբանում են, որ երկու սենյակ տրամադրելու հարցը կվճռի ավագանին:

«Մենք իրեն երկու հատ մեկ առաջարկել ենք: Ինքը չէ․ ուզում ա մի հատ մեկսենյականոց, մի հատ՝ երկու: Այդ հարցը դեռ քննարկման փուլում է», - ասում է Վահան Խաչատրյանը՝ հավելելով, որ հանրակացարանային այս շենքի կառուցման փաստաթղթերը չկան, տարիների ընթացքում բնակիչները ձևափոխումներ են արել այնքան խառը, որ արդեն անհնար է պարզել, թե բնակարաններն ի սկզբանե քանի սենյականոց են եղել:

Շենքում մնացել են նաև պահանջներ չունեցող, համբերատար մի քանի բնակիչներ: Օրինակ, Կարինե Վարդանյանին քաղաքային իշխանությունն առաջարկել է վարձով տուն տեղափոխվել, մինչև իր բաժին տան շինարարությունն ավարտվի: Սակայն նա որոշել է դիմանալ և Ամանորը միանգամից նոր տանը նշել:

Բայց գուցե շե՞նքը չդիմանա. այս հեռանկարը տիկին Կարինեին անլուրջ է թվում․ - «Էսքան դիմացել ա, երեք ամիս չի՞ դիմանա»:

Էմման ամայացած ու քանդման տեմպերն արագացրած շենքի երրորդ հարկի միակ բնակիչն է: Միայնությունից դժգոհում է․ նրա բոլոր ընկերուհիները նոր տներում են, իսկ ինքը կռիվ է տալիս դատարկված տներից իրենց տուն այցելած առնետների հետ:

Մոնիկայի չորրորդ երեխան ծնվեց վերջերս, և ինչպես նախորդները՝ 4-րդ կարգի վթարային շենքում: Այսպես էլ սպասելու են ավագանու որոշմանը: Բաղդասարյանները պնդում են, որ եթե շենքում մնացած ընտանիքները քաղաքապետարանի պայմաններին ի վերջո համաձայնեն, իրենք միևնույն է չեն հեռանա ու կբողոքեն, մինչև չստանան ցանկալի երկսենյականոցը:

Անահիտ Բաղդասարյանն ասում է, թե նոր շենք տեղափոխվածների թվում կան բնակարանի կարիք չունեցողներ: Կան նաև մարդիկ, որ արդեն իսկ վաճառել են քաղաքապետարանից ստացածը:

Քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետը տեղեկացնում է՝ բնակարանները վթարայինների բնակիչներին տրվում է սեփականության իրավունքով․ - «Եվ բոլոր քաղաքացիները ազատ են իրենց որոշումների մեջ: Իրենք կարող են ինչ-ինչ պատճառով, վաճառել, ուրիշ տեղ բնակարան առնել: Կարող է չեն ուզում Երևանում ապրել: Չգիտեմ»:

Երևանում 4-րդ կարգի վթարային 8 շենք կա՝ շուրջ 150 ընտանիքներով: Սիսակյան 3 հասցեում կառուցվող նորակառույցն այս բեռը կթեթևացնի, սակայն վթարայինների թեման առայժմ փակվողներից չէ: Երևանի 100-ից ավելի շենքեր այս պահին վթարայնության երրորդ կարգ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG