Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Չեխիայի նորանշանակ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։

Հայաստանում Չեխիայի դեսպանը նշել է, որ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արևելյան գործընկերության ձևաչափերում զարգացնել կապերը:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հնարավորություններին, մտքեր փոխանակել ԵՄ շրջանակում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ:

Վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG