Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ջրամբարտակի փլուզման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել


Ռուսաստան - Սեյբա գետի ջրամբարտակի փլուզումն ավերել է Շետինկինո գյուղը, Կրասնոյարսկի մարզ, 19-ը հոկտեմբերի, 2019թ.
Ռուսաստան - Սեյբա գետի ջրամբարտակի փլուզումն ավերել է Շետինկինո գյուղը, Կրասնոյարսկի մարզ, 19-ը հոկտեմբերի, 2019թ.

Կրասնոյարսկից 160 կիլոմետր հարավ գտնվող ոսկու հանքում ջրամբարտակի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:

Ողբերգությունը տեղի է ունեցել Շետինկինո գյուղի մոտակայքում: 15 մարդ փոխադրվել է հիվանդանոց, նրանցից 3-ը ծանր վիճակում են:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ վթարի պահին հանքում, ենթադրաբար, եղել է մոտ 80 աշխատող:

Ջրամբարտակի փլուզմանը նպաստել են անցած օրերին այդ շրջանը պատուհասած հորդառատ անձրևները:

«Ամբարտակի հիդրավլիկ սարքավորումն ամբողջությամբ ոչնչացվել է, դուրս մղված 3.5-4 մետրի հասնող ջուրը լրիվ սրբել-տարել է «Սիսիմ» ընկերության բանվորների երկու տները», - ասել է Կրասնոյարսկի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավարի տեղակալ Օլեգ Մատիլենկոն:

Ռուսաստանի իրավապահները հետաքննություն են սկսել անվտանգության ապահովման կանոնները խախտելու փաստով:

«Հիդրավլիկ սարքավորումն ինքնաշեն էր, կարծում եմ, այստեղ բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով խախտել են անվտանգության ամենատարրական պահանջները», - ասել է Կրասնոյարսկի մարզի վարչակազմի ղեկավար Յուրի Լապշինը:

Տեղական վարչակազմի պաշտոնյաների փոխանցմամբ՝ ոսկու հանքը պետական ատյաններում գրանցված չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG