Մատչելիության հղումներ

Աղավնաձորում դժվար է գտնել խաղողագործի, որը բողոք չունենա


Խաղողի մթերում Հայաստանում, արխիվ

Գինեգործությամբ հայտնի Արենիից քիչ հեռու՝ Աղավնաձոր գյուղում, դժվար է գտնել խաղողագործի, որը բողոք չունենա․ պատճառը արդեն վաղուց հասունացած խաղողն է, որն արդեն պետք է գործարաններում լիներ, բայց դեռ դաշտերում հոկտեմբերյան արևն է վայելում, ինչպես խաղողագործներն են ասում՝ հետզհետե կորցնելով ապրանքային տեսքն ու համային որակները։ Այսպես է ստացվել, քանի որ գինեգործների առաջարկած գումարը գյուղացիներին չի բավարարում։

Խաղողագործ Սամվել Ավագյանը վրդովված է․ - «Գործարանները խաբեցին, մեկը մեկին աչք տալով, մեկը մեկին սենց բզեց, բզեց, բզեց, բերեց սարքեց 200 դրամ: 200 դրամ էդ ի՞նչ գին էր, որ բերեցին տվեցին ժողովրդի ճակատին սենց»:

Վարչապետ Փաշինյանն օրեր առաջ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց՝ խաղողի մթերումն այս տարի անաղմուկ է ընթանում։ Մինչդեռ խաղողագործներն ասում են՝ գինեգործներն իրենց պարզապես խաբում են, ավելին՝ գինը չէ միակ խնդիրը, այս տարի խաղողը տարել են առանց գինն ասելու՝ վստահեցնելով, որ հետո կհստակեցնեն։

«Դե ժողովուրդ են, էլի, գյուղացի, միամիտ, ախպեր: «Հավաքենք, տանենք, հենց որ գինը կազմավորվի, հենց որ գինը կոնկրետանա, գին կասենք», - նշեց գյուղի մեկ այլ խաղողագործ՝ Արմեն Օհանյանը:

Գյուղացիներն ասում են՝ անցած տարի «Խարջի» («Ոսկեհատ») տեսակի խաղողը վաճառել են կիլոգրամը 470 դրամով։ Խաղողագործ Արմեն Օհանյանի խոսքով՝ անցած տարվա վաճառքից շատերը կարծել են, որ պահանջարկը մեծ է, փող են ծախսել, խարջի աճեցրել ու հիմա կանգնել են փաստի առաջ։

«Ո՞վ էր պատկերացնում, որ 400, 450, 470 դրամ գինը, մեկ էլ կգան, կհավաքեն, սենց պահի տակ կմտցնեն մի հատ տուպիկի մեջ, կասեն՝ 170-200 դրամ ա», - ընդգծեց Օհանյանը:

Աղավնաձորից խաղող են մթերում մի քանի խոշոր գինի արտադրողներ, այդ թվում՝ «Արմենիա Վայն» ընկերությունը։ «Արմենիա Վայն»-ից «Ազատությանը» ասացին՝ իրենք պայմանագրով են աշխատում, այնտեղ նշված է, որ մեկ կիլիոգրամ խաղողի դիմաց 210 դրամից պակաս չեն վճարի․ - «Բողոքը կարող էր ամբողջապես հիմնավորված լիներ օրինական տեսակետից, եթե մենք վճարեինք 210-ից ցածր արժեք»:

Ընկերությունից վստահեցնում են՝ իրենք խաղողի աճեցման ամբողջ ընթացքում հետևում են բերքին․ - «Մեր մասնագետները հետևում և անվճար խորհրդատվություն են տալիս գյուղացիներին, և հետագայում, ըստ շուկայական մրցակցային գնի, որոշվում է գինը՝ կախված խաղողի որակից»:

Բացի «Խարջի» տեսակից, որն, աղավնաձորցիների պնդմամբ, միայն իրենց մոտ է լավ աճում, իսկ մաքուր սպիտակ գինի միայն խարջիից են ստանում, շատ է նաև «Արենի» տեսակը, որից էլ հենց պատրաստում են հանրահայտ «Արենի» գինին։ Խաղողագործները պահանջում են երկու տեսակի համար էլ կիլոգրամի դիմաց 300 դրամ, ինչը, ըստ գինեգործների, շուկայական չէ։

Երիտասարդ խաղողագործ Հովհաննես Բաբայանը, որը մասնագիտությամբ նաև ծրագրավորող է, ասում է՝ գյուղացին պետք է նախապես իմանա, թե իր բերքի դիմաց ինչ է ստանալու․ - «Իմանանք նախապես գինը ու դրա հետ կապված անենք ներդրումներ, իմանանք, ժողովրդի ասած, մեր գլխի գալիքը: Էդքանն ա, ժողովրդի ուզածը էդքանն ա»:

Հովհաննեսի գնահատմամբ՝ պետությունը գյուղատնտեսության մասին պետք է ավելի շատ մտածի ու հստակություն մտցնի այս հարցում, ավելի հետևողական լինի: «Էն հստակությունը, որը չկա Հայաստանում, ցանկացածին հուսախաբ ա անում: Մենք չգիտենք մեր ապագան ոնց ա լինելու, չգիտենք մեր արածի արդյունքն ինչ ա լինելու», - ընդգծեց երիտասարդ խաղողագործը:

Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ աբսուրդ է համարում այն, որ խաղողի գինը չի որոշվել: Միքայելյանը ծավալուն հարցազրույց չտվեց, սակայն վերահաստատեց բնակիչների այն պնդումները, որ խարջին, որից սպիտակ գինի են պատրաստում, իրենց գյուղի մենաշնորհն է, ու այն պահելը բավականին թանկ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG