Մատչելիության հղումներ

Գյումրին նման աննախադեպ տուրիստական հոսքի պատրաստ չէր. Գյումրիի քաղաքապետ


Գյումրիում տուրիստական աննախադեպ հոսք կա: Որ այն աննախադեպ է լինելու չէին սպասում՝ խոստովանում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ու հավելում, որ նման հոսքի քաղաքը պատրաստ չէր: Չի հերքում, որ խնդիրներ կան, որոնք կարճ ժամանակում հնարավոր չէր լուծել ու հենց ինքն էլ թվարկում է խնդիրները:

«Մահճակալների քանակով մենք նույնիսկ, երբ որ մենք անկախության տոնի հետ կապված հաշվառում էինք անցկացնում, ընդամենը մենք կարողացանք 1400 մահճակալներ ունենալ»,- ասաց Բալասանյանը։

Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին է հատկապես նկատվում մեծ հոսք: Գյումրին սկսեց գրավիչ դառնալ վարչապետի 2,5 ժամանոց ուղիղ եթերից հետո: Քաղաքապետը նկատել է, որ բավականին շատ դպրոցականների են Գյումրի բերում նույնիսկ Սյունքի մարզից:

«Եթե շաբաթ, կիրակի նկատեք, կտեսնեք, որ դպրոցներով գալիս են, դասարաններով գալիս են, հրաշք է, էսպիսի հրաշք չի եղել, հավատացեք», - նշեց Գյումրիի քաղաքապետը։

Իր ձեռքի տակ եղած տեղեկատվության վերլուծությամբ սովորական օրերին 200-300 տուրիստ է հյուրընկալում Գյումրին, իսկ շաբաթ և կիրակի օրերին մինչև 2000: Թանգարաններում տուրիստական այցերի բում օրերին հերթեր են գոյանում: Շիրազի թանգարանի տնօրեն Արա Պապանյանն ասում է, որ նման հոսքի թանագարանները պատրաստ չեն միաժամանակ սպասարկելու:

«Պատրաստ չենք բոլորին ընդունելու, չի եղել էնպես բումային օր, որ մենք խմբեր չլինի, որ չնեղացնենք էդ խմբերին, որոնք ուրիշ տեղերից եկել են և չեն կարողանում մտնել թանգարան», - ասաց Պապանյանը։

Հյուրանոցներում ու հյուրատներում ևս փաստում են, որ տուրիստների հոսքը մեծացել է: «Բեռլին» հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է, որ Գյումրիում առկա հյուրանոցներն ու հյուրատները բավարար են և կոնկրետ իրենց հյուրանոցի օրինակը բերում:

Ալեքսան Տեր-Մինասյանը չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը, որ սեպտեմբերի 21-ին Գյումրին 15 հազար հյուր է ունեցել, սակայն ՀԴՄ քանակը չի փոխվել:

«Բոլոր հյուրանոցները տուրիստական խմբեր ունեին և իրենք սովորաբար աշխատում են փոխանցումերով, ինչի՞ պիտի ավելանար էդ օրը կոնկրետ հյուրանոցների ՀԴՄ-ները, եթե քննադատում եք հյուրատներին, հյուրատների մեծ մասը ՀԴՄ խփող սարք չունի», - ասաց Տեր-Մինասյանը։

Շիրակի տուրիզմի և հետազոտությունների կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը սեպտեմբերի 21-ին Գյումրի այցելած հյուրերի այլ թիվ է հրապարակում՝ 7100: Ասում է՝ ոստիկանությունից, ռեստորաններից հյուրանոցներից ու հյուրատներից են տվյալները վերցրել, ինչպես նաև թանգարաններից:

«Ունեցել ենք ճանապարհային ոստիկանության տվյալներ, ունենք երկաթգծի կայարանի բոլոր տվյալները՝ քանի հոգի են եկել և քանիսն են մնացել Գյումրիում, քանիսն են հետ վերադարձել, ունենք նաև հաջորդ օրվա տվյալները։ Գիշերակացը ունեցել ենք 1700-1750 գիշերակաց, մահճակալի տեղ ենք ունեցել Գյումրիում, բայց այդ օրը մնացել են մոտավորապես 2000 և ավելի։ Այսինքն ամենայն մանրամասնությամբ այդ օրը ուսումնասիրություն կատարվել է։ 7000-7100 այցելու ենք ունեցել այդ օրը Գյումրիում, ոչ՝ 15 հազար», - ընդգծեց Գրիգորյանը։

Գյումրիում տուրիստական շրջագայությունները սահմանափակվում են հիմնականում Կումայրի արգելոցի տարածքով: Երկու տարի առաջ Գյումրիում «Նոր Հալեպ» սրճարանը բացած սիրիահայ գործարար Շանթ Գահվեջյանը դժգոհում է՝ ամեն ինչ կենտրոնացած է քաղաքի պատմական միջուկում։

Հալեպից Հայաստան ներգաղթած Շանթն ասում է, որ չի փոշմանել, որ Գյումրիում բիզնես է հիմնել և իր ազգականներին ևս համոզում է Գյումրիում բիզնես հիմնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG