Մատչելիության հղումներ

Բարսելոնայում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը


Barselona -- Protest Action. 18Oct.,2019
Barselona -- Protest Action. 18Oct.,2019

Բարսելոնայի գլխավոր հրապարակներում այսօր ասեղ գցելու տեղ չկար․ երկրամասի հարյուր հազարավոր բնակիչներ փակել էին փողոցները, արհմիությունները համընդհանուր գործադուլ էին հայտարարել, օդանավակայանում տասնյակ թռիչներ չեղարկվել էին, գնացքները՝ կանգ առել:

«Ոչ մի քայլ հետ», «Ազատություն քաղբանտարկալներին, անկախություն Կատալոնիային»․ առավոտից ցուցարարների այս վանկարկումները թմբուկի հարվածներին զուգահեռ տարածվում էին փողոցներում՝ էլ ավելի սաստկացնելով հինգ օր առաջ սկսված բողոքի ալիքը:

Տասնամյակներ շարունակ անկախության ձգտող երկրամասում այս հարցը կրկին օրակարգային դարձավ շաբաթասկզբին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց Կատալոնիայի ինքնավարության համար պայքարող մոտ մեկ տասնյակ առաջնորդների:

Մադրիդյան դատարանի վճիռը լսելուն պես Բարսելոնայի տասնյակ հազարավոր բնակիչներ ոտքով քալել էին դեպի օդանավակայան ու արգելափակել տերմինալներից մեկի ճանապարհը: Չեղարկվել էին տասնյակ չվերթներ, բայց դրանով պայքարը չէր ավարտվել: Հաջորդ օրը ցուցարարների թիվը բազմապատկվել էր, հանրահաավքների աշխարհագրությունը՝ ընդլայնվել՝ հասնելով մինչև Մադրիդի փողոցներ:

«Ես հիմա ինձ զգում եմ որպես անկախության աջակից: Այդ գաղափարը մինչև օրս չեմ պաշտպանել, սակայն, այս ամենից հետո, երդվում եմ՝ ամեն ինչ կանեմ հանուն անկախության: Եվ իմ կատալոնացի ընկերներից շատերը ևս, որ մինչև այս այդ մասին չէին էլ մտածում, հիմա փողոց են դուրս եկել, քանի որ անարդարացի են համարում դատարանի կայացրած որոշումը», - ասում է ցուցարարներից մի կին:

Այսօր արդեն երկրամասի հինգ խոշոր քաղաքների բնակիչներն էին ոտքով ճանապարհ բռնել դեպի Բարսելոնա՝ երեկոյան այստեղ կայանալիք ցույցին մասնակցելու համար: Հարյուր հազարավորների երթը կաթվածահար էր արել քաղաքի երթևեկությունը, փակ էր անգամ զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկը՝ աշխարհահռչակ Սագրադա Ֆամիլիան

«Պահանջում ենք ազատ արձակել մեր առաջնորներին ու մյուս քաղբանտարկյալներին: Մրանք ընդամենը հանրաքվե էին կազմակերպել, որը ժողովրդի կարծիքը պարզելու ամենաժողովրդավարական ճանապարհն է: Աններելի է մարդկանց բանտերը լցնել՝ քվեարկութան իրենց իրավունքը գործադրելու համար», - ասում է Խուան Մարկ Սամոն:

Ուղիղ երկու տարի առաջ այս օրերին երկրամասի իշխանությունները հանրաքվե անցկացրին. քվերաթերթիկում ընդամենը մեկ հարց էր՝ «Ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ հանրապետություն»: Քվեարկողների 90 տոկոսն ասել էր «այո»:

Կենտրոնական իշխանության կոշտ պատասխանը չէր ուշացել. Մադրիդը պնդեց, որ հանրաքվեն անցկացել է օրենսդրական խախտումներով, Իսպանիայի Սահմանադրական դատարանը այն ապօրինի ճանաչեց, անկախության համար պայքարող տանսյակ առաջնորդներ ձերբակալվեցին, տեղի խորհրդարանը լուծարվեց:

Արտահերթ ընտրություններում, սակայն, վերստին հաղթանակ էին տարել անջատական ուժերը: Արդյունքում, Կատալոնիայի ներկայիս առաջնորդ Քիմ Տորրան նախօրեին խորհդարանում հայտարարեց, որ անկախության հարցով նոր հանրաքվե է անցկացնելու մինչև մյուս տարվա գարուն․ - «Մեր խախտված իրավունքները պետք է վերականգնվեն, մեր սահմանափակված ազատությունները պետք է կրկին պաշտպանվեն: Եթե մենք պետք է ազատազրկման դատապարտվենք քվեարկություն անցկացնելու և ինքնիշխանության սեփական իրավունքը կիրարկելու համար, ուրեմն թող իմանան՝ տեղամասերը կրկին բացվելու են և անկախության հարցը կրկին դրվելու է քվեարկության»:

Պաշտոնական Մադրիդը, սակայն, անզիջում է: «Հորդորում ենք Կատալոնիայի իշխանություններին հաշվի առնել նաև երկրամասի այն 5,5 միլիոն բնակիչների կարծիքը, որոնք, չէին մասնակցել հանրաքվեին, սակայն, սոցիոլոգիական հարցումների համաձայն, ուզում են մնալ Իսպանիայի կազմի մեջ», - հայտարարել է երկրի ժամանակավոր վարչապետ Պեդրո Սանչեսը:

Կտրականապես ընդդիմանալով անկախության գաղափարին՝ Մադրիդը միաժամանակ զգուշացնում է, որ բոլոր նրանք, ովքեր օրենք են խախտել վերջին ցույցերի ժամանակ, կանգնելու են դատարանի առաջ․ - «Բռնությունների համար պատասխանատու անձինք կհայտնաբերվեն և համապատասխան պատիժների կենթարկվեն: Ներում-բեկում չկա, մենք չենք կարող աչք փակել բռնության այն լրջագույն դրսևորումների վրա, որոնց ականատեսն էինք վերջին օրերի ընթացքում»:

Օր-օրի թեժացող այս իրադարձությունները քաղաքական դաշտից նաև մարզադաշտ են տեղափոխվել, ժամեր առաջ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ևս դատապարտել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը՝ ընդգծելով, որ մարդկանց ազատազրկմամբ խնդիրը չի լուծվում: Տեղում շարունակվող անկայունության պատճառով Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է հետաձգել Ռեալ Մադրիդի ու Բարսայի միջև հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը: Ֆուտբոլային ակումբները քիչ առաջ հայտարարեցին, որ որոշել են խաղն անցկացնել դեպտեմբերի 18-ին, թեև մինչ այս պահը որևէ երաշխիք չկա, որ տարիներ շարունակվող քաղաքական այս ճգնաժամը մինչ այդ կհանգուցալուծվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG