Մատչելիության հղումներ

Թուրքական իշխանությունները արգելել են Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը


Ստամբուլի համայնապատկեր, արխիվ
Ստամբուլի համայնապատկեր, արխիվ

Թուրքական իշխանությունները արգելել են հոկտեմբերի 18-19-ին Ստամբուլում գործող Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը: Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն, նախօրեին Շիշլիի համայնքապետարանից ստացված գրությամբ գիտաժողովը արգելվել է առանց որևէ պատճառաբանության:

Գիտաժողովի մեկնարկից հաշված ժամեր առաջ միջոցառման արգելումը հիմնադրամի ղեկավարությունը անհասկանալի է համարում: «Ծանուցման մեջ հղում է կատարվում ցույցերի և հավաքների մասին թիվ 2911 օրենքին, որը, սակայն, չի վերաբերում հիմնադրամների գործունեությանը: Մեկ տարի առաջ որոշված ամսաթիվը իմանալով հանդերձ գիտաժողովի մեկնարկից 16 ժամ առաջ Սահմանադրությունն ու գործող օրենքները ոտնահարելով այն արգելելը լուրջ հարված է ժողովրդավարությանն ու գիտականությանը», - ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Թուրքական մեջլիսի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը գիտաժողովն արգելելու որոշման առնչությամբ հարցադիմում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Փայլանը նախարարից պահանջել է պարզաբանել, թե ինչ իրավական հիմնավորմամբ է արգելվել հիմնադրամի գիտաժողովը:

«Արդյո՞ք գիտաժողովը արգելվել է, որպեսզի չխոսվի Կայսերիում և ողջ շրջանում մինչև 100 տարի առաջ առկա բազմամշակութայնության, այստեղ ապրող մեծաթիվ հայերի և նրանց ճակատագրի մասին», - իր հարցման մեջ նշել է հայազգի պատգամավորը:

Աշխարհի մի շարք երկրներից շուրջ 27 գիտնականների մասնակցությամբ գիտաժողովը նախապես ծրագրված էր անցկացնել Կայսերիում: Սակայն հոկտեմբերի 2-ին Կայսերիի նահանգապետարանը արգելել էր այն, և Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավարությունը որոշել էր միջոցառումը տեղափոխել Ստամբուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG