Մատչելիության հղումներ

Թրամփը Թուրքիայի դեմ չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մահակը․ Newsweek


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա կանխելու նպատակով ԱՄՆ-ի նախագահին տված խորհուրդներից մեկով՝ պետք էր վախեցնել Անկարային, որ Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Newsweek հանդեսին ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկը:

Պաշտոնյան հայտնել է, որ Դոնալդ Թրամփի խորհրդականները նախագահին մի շարք տարբերակներ են ներկայացրել, թե ինչպես դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից, միաժամանակ թույլ չտալով Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Սեղանին դրված մարտավարություններից մեկով առաջարկվել է սպառնալ Անկարային, որ Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայերի և այլ էթնիկ խմբերի անդամների կոտորածները կճանաչվեն ցեղասպանություն, հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան:

Բացահայտված այս տեղեկատվության առիթով Newsweek-ը լայնորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, նշելով, որ 1915-1923 թվակաների ընթացքում մեկուկես միլիոն հայերի, հարյուր հազարավոր հույների ու ասորիների կոտորածները ցեղասպանություն ճանաչելու հարցը միջազգային հարաբերությունների վիճահարույց թեմաներից մեկն է: Օսմանյան կայսրության իրավահաջորդ ժամանակակից Թուրքիան պնդում է, որ էթնիկ փոքրամասնություններին սիստեմատիկ ոչնչացնելու գործընթաց չի եղել, սակայն ավելի քան երեք տասնյակ երկրներ ու կառավարություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և պաշտոնապես հայտարարել այդ մասին:

ԱՄՆ-ը չի միացել այդ երկրներին, դաշնային մակարդակով որևէ օրենք չի ընդունվել, սակայն 50 նահանգներից 49-ը՝ բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են հայերի ցեղասպանությունը:
Նշվում է, որ այդ հարցը մեծ աջակիցներ ունի ԱՄՆ-ում: Անցած ապրիլին սենատորներ Բոբ Մենենդեսն ու Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Սպիտակ տանն ուղղված փաստաթուղթը ստորագրել են նաև Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Էիզաբեթ Ուորենը և Քամալա Հարիսը:

Անցած շաբաթ Հայաստան էր այցելել ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով հայկական ծագում ունի, գրում է Newsweek-ը, հիշեցնելով նրա ջանքերը, նամակները, թվիթերյան գրառումները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ:

Քրդերը հիմա պնդում են, որ Թուրքիան իրենց նկատմամբ է ցեղասպանույան քաղաքականություն վարում, շարունակում է պարբերականը՝ վերադառնալով Սիրիայի խնդիրներին:

ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործողությունների մի քանի պլան են ներկայացրել Դոնալդ Թրամփին, և Թուրքիայի ներխուժումը զսպելու նպատակով այդ առաջարկները ներառել են նաև քաղաքական ու տնտեսական ճնշումների սպառնալիքներ, բայց Թրամփը նախընտրել է շուտափույթ դուրս բերել ամերիկյան զորքերը, որպեսզի նրանք չմնան երկու բանակների բախման միջև, որոնց երկուսին էլ ԱՄՆ-ը որպես դաշնակից է դիտարկում:

Թրամփը վերջին հաշվով գերադասեց պատժամիջոցների սպառնալիքները թուրք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, զգուշացրեց մետաղի ներմուծման մաքսադրույքները բարձրացնելու, 100 միլիարդ դոլարի առևտրի բանակցությունները առկախելու մասին, բայց չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիվանագիտական մահակը, ամփոփում Newsweek-ը:

XS
SM
MD
LG