Մատչելիության հղումներ

Գյումրիի տուն ինտերնատի աշխատակիցներները բողոքում են ընդդեմ հաստատության լուծարման


Սոցապ նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի տուն ինտերնատում այսօր բողոքի ակցիա էր:

Բանն այն է, որ կառավարությունը մտադիր է տուն ինտերնատը լուծարել, ու այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարական էր եկել, որ աշխատակիցներին մինչև հոկտեմբերի 21-ը ծանուցի աշխատանքից հնարավոր ազատման կամ աշխատանքային պայմանների փոփոխման վերաբերյալ:

Արմեն Սարուխանյանն այսօր ՊՈԱԿ-ի 71 աշխատակիցներին ծանուցեց հնարավոր կրճատումների մասին:

Աշխատակիցները հրաժարվեցին ստորագրել ծանուցումները՝ դրա համար մի շարք փաստարակներ բերելով, որ գրչի մի հարվածով 71 ընտանիքի օրվա հացից են զրկում:

Տուն ինտերնատում այս պահին 156 ծեր ու հաշմանդամ է խնամվում: Նրանցից 49-ամյա Սահակ Այվազյանը, ով անվասայլակով է տեղաշարժվում, այսօրվանից հացադուլ է հայտարարել:

Տուն ինտերնատում խնամվողները հարցնում են նախարարությանը, թե իրենց կարծիքը հարցրե՞լ են, որ ցանկանում են լուծարել՝ անորոշ թողնելով իրենց ճակատագիրը:

Երեկ տուն ինտերնատ այցելած փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի հանդիպումը աշխատակիցների հետ բավակաին լարված է անցել: Արդյո՞ք պարզաբանվել է, թե լուծարելուց հետո ինչ ճակատագիր է սպասվում աշխատակիցներին ու տուն ինտերնատի խնամվողներին:

«Որևէ կազմակերպություն, շրջանառվում է Կարմիր խաչը, բայց պաշտոնապես չգիտենք, շահում է շուրջօրյա խնամք տրամադրելու իրավունքը, կնքվում է պայմանագիր: Մի խոսքով, այն գործառույթը, որ արվում է ՊՈԱԿ-ի կողմից, պետք է արվի որևէ ՀԿ-ի կողմից: Հիմնավորումը շատ դեպքերում այսպես է՝ մատուցված ծառայությունների ցածր որակը: Չնայած «ցածր որակ» ձևակերպումը վիրավորական է, իսկ ի՞նչ պահանջ կա, որ չի բավարարվել: Ավելանալու է մատուցվող ծառայությունների սպեկտրը, իսկ սպեկտրի ինչ պայմաններ կա, չի ներկայացվել, որպեսզի մենք ինչ ենք վատ արել, ինչ չենք արել, ինչ կարող ենք անել, ինչ չենք կարող անել», - հանդիպմանն ասել էր Արմեն Սարուխանյանը:

Տուն ինտերնատն էլ է առաջարկութուն արել, որը կտարականապես մերժել է փոխնախարարը:

«Եթե պետք է պատվիրակած ծառայություն մատուցվի, դրա համար անցկացվի մրցույթ, հնարավորություն տալ ՊՈԱԿ-ին ևս ստեղծել հասարակական կազմակերպություն և մասնակցել մրցույթին», - իրենց առաջարկը ներկայացրեց Սարուխանյանը: - «Երեկ միանգամից մերժվեց, թե՝ չեք հասցնի, ուշանում եք, մասնակցեք ուրիշ մրցույթների»:

Որոշեցին, որ նախարարությունից եկած հանձնարարականի տակ աշխատակիցներից և ոչ մեկը չի ստորագրի:

Տուն ինտերնատի աշխատակիցները հավելեցին, որ եթե հետ չկանգնեն տուն ինտերնատը լուծարելու որոշումից, ապա գործադուլ կհայտարարեն, բողոքի ակցիաներ կանցկացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG