Տասնյակ լրագրողներ և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ հավաքվել էին Սերբիայի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու վերջ տալ լրագրողների նկատմամբ բռնություններին և սպառնալիքներին։
Լրատվամիջոցների ազատության խմբի կողմից կազմակերպված հավաքի ներկայացուցիչները նախագահ Ալեքսանդր Վուչիչից ու կառավարությունից պահանջել են կանխել և վերջ տալ լրագրողների նկատմամբ բռնություններին։
Բողոքի պատճառ էր դարձել, մասնավորապես, վերջերս տեղական N1TV հեռուստաալիքի հետ կապված միջադեպը։ Երկու դիմակավորված անձինք հեռուստաընկերության շենքի ցանկապատից ներս սպառնալիքներ պարունակող թռուցիկներ էին գցել։
Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև փետրվարին, երբ հեռուստաալիքը մահվան սպառնալիքներ էր ստացել՝ ստորագրված 1999-ի պատերազմի վետերանների ասոցիացիայի կողմից: