Մատչելիության հղումներ

Գիշերային անկարգություններից հետո Բարսելոնայի օդանավակայանը մի քանի տասնյակ չվերթներ է չեղարկել


Բարսելոնայի միջազգային օդանավակայանն այսօր շուրջ 40 չվերթ է չեղարկել: Դա տեղի է ունեցել անցած գիշեր օդանավակայանի առաջին տերմինալում տեղի ունեցած բախումներից հետո, որոնց հետևանքով 100-ից ավելի մարդ էր վիրավորվել:

Իրավիճակը Բարսելոնայում սրվեց Իսպանիայի գերագույն դատարանի կողմից Կատալոնիայի անկախական շարժման առաջնորդների դատավճռի հրապարակումից հետո: Դատարանը ինը անկախական գործիչների մեղավոր ճանաչեց` դատապարտելով 9-ից 13 տարվա ազատազրկման:

Բախումները Բարսելոնայի օդանավակայանում շարունակվել են մի քանի ժամ` կեսգիշերին մոտ տեղափոխվելով քաղաքի կենտրոնական թաղամասեր:

Կատալոնիայի ինքնավարության ղեկավար Քվիմ Տորայի խոսքով, սակայն, չնայած ոստիկանական ճնշմանն ու կոշտ դատավճիռներին, Կատալոնիայի անկախացման հարցը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում։

«Մեզ այնպիսի մի հանրաքվե է անհրաժեշտ, որի արդյունքները կվավերացվեն միջազգային հանրության կողմից: Մենք ցանկանում ենք հենց այդ խնդրի շուրջ բանակցությունն սկսել Իսպանիայի կառավարության հետ: Ի վերջո պետք է հաշվի առնել, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն չհանգեցրեց նման մեծ հակամարտության` որևէ մեկը չձերբակալվեց, որևէ մեկը չհայտնվեց տարագրության մեջ», - նշում է Կատալոնիայի ինքնավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG