Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիսում ծավալած հարձակման պատճառով:

«Պատժամիջոցների թիրախում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարները, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչությունները», - Սպիտակ տանը կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի խոսքով էլ՝ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել սիրիացի քրդերի և Թուրքիայի ղեկավարների հետ:

«Նախ նա հեռախոսազրույց է ունեցել քուրդ գեներալ Մազլումի հետ, նրանից տեղեկացել ծավալվող իրադարձությունների մասին: Գեներալ Մազլումը զեկուցել է նախագահ Թրամփին, որ թուրքական բանակը առայժմ չի հատել 30-մղոնանոց բուֆերային գոտու սահմանը, սակայն լուրջ մտահոգություններ է հայտնել Քոբանի քաղաքում ստեղծված կացության վերաբերյալ: Դրանից հետո նախագահ Թրամփը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` վերջինիս խնդրանքով: Այդ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը նրան հստակորեն ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դադարեցնի Սիրիայի հյուսիսում ծավալած հարձակումը», - նշել է ԱՄՆ փոխնախագահը:

Մայք Փենսի խոսքով՝ ամենամոտ ապագայում իր ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա` Սիրիայի շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:

XS
SM
MD
LG