Մատչելիության հղումներ

Այսօրվանից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում


Այսօրվանից Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատանը սկսվեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը: Առայժմ այն կիրականացվի մաքսատան հին շենքում, մինչև ավարտին կհասնի նոր ավտոմաքսատան շինարարությունը: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ներկայացրեց, թե Գյումրիում որ ավտոմեքենաներն են մաքսազերծվելու:

«Որպեսզի սահուն լինի տեղափոխումն ամբողջ մաքսազերծման գործընթացը Գյումրի, որոշեցինք փուլ առ փուլ իրականացնել տեղափոխումը, դրա համար էս պահին միայն Ճապոնիայի և Վրաստանի մեքենաներն է», - նշեց Ներսիսյանը։

Ավտոմաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու գործընթացին դեմ են ավտոներկրողները: Մի քանի անգամ նրանք բողոքի ակցիաներ են անցկացրել, երեկ գործը հասել էր նաև ճանապարհ փակելուն: ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծեց, որ ավտոներկրողների բողոքը սխալ տեղեկատվության հետևանք է:

Ավտոներկրողներն ու սովորական քաղաքացիները շտապում են մեքենա ներկրել մինչև դեկտեմբերի 31-ը՝ նախքան ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ, ԵԱՏՄ) կարգավորումներին համաձայն մաքսազերծման ավելի բարձր դրույքաչափերը: Ավոմեքենաների մաքսազերծման գները բավականին կբարձրանան՝ հասնելով մի քանի հազար դոլարի:

Ի դեպ, հենց ավտոներկրողներին, այսպես ասած, լավ լուր հայտնեց Շուշան Ներսիսյանը. «Մենք հիմա ինչ-որ մի դրվագ ենք գտել օրենքի մեջ, որով կկարողանանք հնարավորություն տալ էս ճանապարհի մեքենաները, որոնք ներկրողները մտավախություն ունեն, որ միգուցե մինչև դեկտեմբերի 31-ը չհասցնեն ներկրեն, միգուցե սա, գրեթե 100 տոկոսով վստահեցնում եմ, որ մենք մի փոքր բան գտել ենք, որ կարողանալու ենք հնարավորություն տալ քաղաքացիներին հունվար ամսին ավտոմեքենաները մաքսազերծել դեկտեմբեր ամսին գործող դրույքաչափերով»։

Հյուսիսային մաքսատունը նոր կադրերով է համալրվել: Իսկ որքա՞ն մեքենա կարող է մաքսազերծվել օրական Հյուսիսային մաքսատանը, Ներսիսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ արդեն մոտ 100 մեքենա ձևակերպել ենք, մի փոքր մեր սպասածից քիչ է հոսքը, մենք ավելիին ենք պատրաստ»։

Մաքսատանն ասացին՝ առավոտյան է հերթ եղել, օրվա երկրորդ կեսին հատուկենտ մարդ կար: Ոմանք առաջին անգամ էին Հայաստանում ավտոմեքենա մաքսազերծում, ոմանք էլ Նորագավիթի մաքսատան հերթերից էին դժգոհում:

Կառավարությունը առաջիկա տարիներին նախատեսում է, որ Հայաստանը կունենա 2 արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն՝ մեկը Գյումրիում, մյուսը Սիսիանում: Առաջնահերթ կառուցվում է Գյումրիի ավտոմաքսատունը: Շինարարությունը մեկնարկել էր օգոստոսին, և հոկտեմբերի 14-ին նախատեսվում էր շահագործել ավտոմաքսատունը, սակայն հետաձգվեց նախ մեկ շաբաթով, հիմա էլ պարզ չէ, թե երբ:

Այսօր այցելեցինք շինհրապարակ, որտեղ հիմնային աշխատանքներ էին ընթանում:

Հիշեցնենք՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին Նորագավիթի մաքսատուն այցելելուց ու այնտեղ տիրող իրավիճակը տեսնելուց հետո բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG