Մատչելիության հղումներ

Վարչապետի խորհրդական․ Նիկոլ Փաշինյանի առաջարկած կարգախոսը պետք է օր առաջ դրվեր հանրության քննարկմանը


Վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյան

«Ցանկանում էինք օր առաջ հանրության շրջանում քննարկման դնել Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքը» կարգախոսը», - «Ազատությանը» փոխանցեց ընդհանուր ռազմավարության գծով վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը:

Կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ վարչապետի աշխատակազմին փոխանցվեց 48 մլն 900 հազար դրամ (ավելի քան 100 հազար դոլար), որի մեծ մասը՝ 26 միլիոնը կհատկացվի Հայաստանի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսով պաստառների տպագրության և բիլբորդների միջոցով հանրայնացման համար։

«Կարգախոսը բխում է հենց ռազմավարությունից, որի վրա հիմա աշխատում ենք ինտենսիվորեն: Այն դեռ հրապարակման ենթակա չէ, բայց շուտով՝ առաջիկա ամիսների ընթացքում արդեն բովանդակությունը կսկսենք հրապարակել: Առիթից օգտվելով, ուղղակի ուզում եմ նշել, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչը 2050 թվականի տարբերվելու է շատ էականորեն բոլոր նախկինում եղած փորձերից Հայաստանի զարգացման ռազմավարություններ մշակելու մի շարք աննախադեպ մշակման սկզբունքներով: Եթե թույլ տաք, նշեմ հիմնականները: Նախ այդ ռազմավարությունը չի լինելու կառավարության ռազմավարությունը լոկ: Այսինքն մենք շատ հավակնոտ նպատակ ենք դնում՝ այն դարձնելու հանրության, հասարակության, ժողովրդի, առհասարակ ամբողջ մեր ազգի սեփականությունը, և այդ ուղղությամբ ենք հիմա առաջին քայլերը ձեռնարկում: Այն պետք է դառնա մեր ամբողջ ժողովրդին միավորող, համախմբող, դեպի ապագան միտված և դեպի թռիչքաձև զարգացումը միտված ռազմավարություն»:

«Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» ձեռագիր գրված կարգախոսը ֆեյսբուքյան իր էջին դնելով հոկտեմբերի 9-ին՝ վարչապետ Փաշինյանը սկսեց ֆլեշմոբ, որը բացատրեց այսպես՝ քո ձեռքով գրածը, քո պատին: Ֆլեշմոբին առաջիններից միացան վարչապետի թիմակիցները, եղան նաև քննադատական, հումորային, ինչպես նաև սարկազմ պարունակող գրառումներ:

Իսկ կարգախոսն առաջին Փաշինյանը հնչեցրել ու համահայկական էր անվանել Արցախում օգոստոսի 5-ին ունեցած ծավալուն ելույթի ժամանակ, որտեղ խոսել էր նաև 2050-ի ռազմավարական նպատակադրումների մասին, այն է՝ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն հասցնելուց մինչև 25 օլիմպիական ոսկե մեդալ ունենալը:

Դեռ այն ժամանակ որոշ ընդդիմադիրներ նման կարգախոսը տոտալիտար մտածողությանը բնորոշ համարեցին ու զուգահեռներ անցկացրին ժողովրդի հայր Ստալինի հետ: Իսկ այն բանից հետո, երբ կառավարությունը 26 միլոն տրամադրեց վարչապետի հեղինակած այս տողերն ամբողջ հանրապետությունում տարածելու համար, քննադատողները շատացան:

Վարչապետի խորհրդականը մտահոգված չէ․ - «Ես մտահոգված չեմ դրանով, քանի որ ես վստահ եմ, որ ժամանակը ամեն ինչ իրա տեղը կդնի, և այդ բոլոր մտավախությունները կփարատվեն: Մենք բոլորս կունենանք հնարավորություն համոզվելու, որ սա լինելու է ռազմավարություն մշակելու և իրագործելու ամենաներառական փորձը, որը, ես վստահ եմ, հաջողված կլինի»:

Բացի բովանդակությունից, հարցեր է առաջացնում նաև գործընթացի կազմակերպումը։ Կառավարության որոշմամբ գործելու է ոչ թե մրցութային, այլ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը: Պայմանագիրը կնքվելու է «Անտարես» ընկերության հետ, որի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, հենց ժամանակի սղության պատճառով է, որ իրենք իրենց միջոցներով պաստառները փակկցնելու գործընթացը սկսել են, թեև կառավարությունից դեռ ոչ մի դրամ չեն ստացել:

Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյան

«Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում 2050 թվականի ստրատեգիան, հասկանում եմ, որ էս գումարի հազարապատիկն է ծախսվելու: Որովհետև փոխել մարդկանց մոտեցումը, և ամբողջ հայությունը ունենա մեկ տեսլական՝ ընդունելի բոլորի կողմից, դա շատ կարևոր քայլ է պետության զարգացման համար»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ասում է, որ մեկ անձից գնումը կոռուպցիոն տեսանկյունից միշտ ավելի ռիսկային է, և ավելի նախընտրելի է մրցութային ընթացակարգը։

Կառավարության կայքում այս ընթացակարգով գործարքների թիվը այս տարվա մայիսին կազմել է 156, մինչդեռ նախորդ տարի եղել է ընդամենը 12-ը: Այն, որ այս ընթացակարգով գնումների դինամիկան մեծացել է, նախորդ նիստին արձանագրեց նաև վարչապետ Փաշինյանը՝ հորդորելով գործընկեների ավելի հաճախ մրցույթներ հայտարարել:

Վարուժան Հոկտանյան
Վարուժան Հոկտանյան

Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ նման դինամիկան չի բխում հեղափոխության օրակարգից․ - «Բոլորս գիտենք, որ մեկ անձից գնումները դրանք ամենառիսկային գնումներն են կոռուպցիոն առումով: Դրանք, այսպես ասած, դասագրքային ճշմարտություններ են: Ուղղակի այստեղ երևի պետք է պետք է ավելի խորանալ դրա էության մեջ, թե ինչու հենց մեկ անձից է լինում: Պատճառները շատ կարող են լինել: Ասենք, կարող է լինել, որ ուղղակի հենց կոռուպցիոն ռիսկը՝ ծանոթներ և այլն, պլյուս՝ հնարավոր է նաև ատկատը: Դա ես չգիտեմ, կարող է կա, կարող է չկա»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG